VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը որոշել է զբաղվել ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ և առաջիկայում պատրաստվում է կայք բացել: Ըստ որոշ տեղեկությունների՝ Իսագուլյանի գործունեությունը ևս ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կողմից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն մեկ մլրդ եվրոյից ավելի է: Ծրագիրը բավական լայն հնարավորություն է տալիս Հայաստանի կինոգործիչներին, թատերական արվեստի ներկայացուցիչներին ու ստեղծագործող մտավորականության այլ ներկայացուցիչներին ֆինանսական աջակցության համար դիմել այդ հիմնադրամին: Նախորդ խորհրդարանում Եվրաինտեգրացիոն հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ի պաշտոնե զբաղվում էր Ստեղծագործ Եվրոպայի հայաստանյան գործունեության համակարգմամբ: Մեր տեղեկությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանին առաջարկվել է արդեն ԵՄ-ի կողմից ներգրավվել Ստեղծագործ Եվրոպայի ծրագրի իրականացմանը: ԵՄ ներկայացուցիչները ցանկություն ունեն հնարավորինս արդարություն ապահովել հայտերի ընդունման եւ հաստատման գործում, եւ այդ պատճառով ցանկանում են, որ հանրային վերահսկողությունը հնարավորինս բարձր մակարդակի լինի»:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը, ով նախկինում Գյումրիի քաղաքապետի, ապա՝ ԿԳ նախարարի մամուլի խոսնակն էր, հետո՝ օմբուդսմենի եւ Գեղարքունիքի մարզպետի խորհրդականը: «Մեր աղբյուրները պնդում են, որ Եգանյանի՝ ֆեդերացիա տեղափոխվելու նպատակը վերջին ամիսներին այնտեղ կատարված հսկայական աշխատանքը հանրությանն ավելի ինտենսիվ ներկայացնելն ու հայկական ֆուտբոլի PR-ի մակարդակը բարձրացնելն է: Ֆուտբոլը մեզանում ամենազգացմունքային ոլորտներից է, որտեղ հավաքականի լավ խաղից է կախված հանրության վերաբերմունքը ֆուտբոլային ոլորտի պատասխանատուների նկատմամբ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Նար» ՍՊԸ-ի Ջրվեժում գտնվող դեղատունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջը։ Եվ չնայած կասեցման որոշումը կայացվել է, սակայն Սամվել Նիկոյանը, հավանաբար, տեղյակ չէր ՊԵԿ որոշման մասին եւ մեզ հետ զրույցում ասաց, որ դեղատունը «դեռ չի փակվել»։ Բայց հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ տուգանվել է, եւ կա որոշում փակելու մասին։ Ս․ Նիկոյանը չցանկացավ որեւէ հարցի պատասխանել, միայն ասաց․ «Չգիտեմ»։ Մենք ՊԵԿ նախագահի «Տնտեսվարող սուբյեկտների գործունեության կասեցման վերաբերյալ» որոշման ցանկում գտանք «Նար» ՍՊԸ-ն, որի վերաբերյալ 22.01-ին 0063 որոշումն է կայացվել՝ 07․02-ից 11․02-ը գործունեությունը կասեցնելու մասին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց եւ իրենց աշխատողներին, այլեւ նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։ «Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգեւատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։ Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց «երջանկություն» է ընկել, իսկ կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը մոտ 500 հազար է ստացել։ Ջրային կոմիտեից հայտնեցին, որ պարգեւատրումներ եղել են, սակայն որեւէ հակաօրինական գործողություն չի արվել։ «Օրենքով թույլատրվում է տարին 3 անգամ մեկական աշխատավարձի չափով խրախուսել։ Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին»,- հաղորդում է Ջրկոմի հանրային կապերի պատասխանատուն։ Ջրային կոմիտեում պարգեւատրումներ են ստացել կոմիտեի բոլոր՝ 70 աշխատողները։ «Տարվա ընթացքում երեք անգամ պետական հիմնարկներն իրավունք ունեն 1 դրույքի չափով խրախուսել աշխատողներին։ Ջրային կոմիտեում դա արել են մեկ անգամ՝ տարեվերջին, մեկուկես դրույքի չափով, այսինքն՝ 150 տոկոսով»,- ասված է կոմիտեի պատասխանում։ Կոմիտեից հաստատեցին, որ Ինեսա Գաբայանը եւս պարգեւատրվել է, բայց պարգեւավճարն ամբողջությամբ փոխանցել է բարեգործական նպատակներով։ Մեր տեղեկություններով, Ինեսա Գաբայանն իր պարգեւավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակություն հաստատելու նպատակով: «Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգեւորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգությունն» իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այս գործընթացներում: Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Մեր տեղեկություններով` Արմեն Մարտիրոսյանը մինչ ընտրությունները առաջարկ է ստացել «Մենք» դաշինքից իրենց ցուցակում ընդգրված լինելու համար, սակայն մերժել է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտիրոսյանից ճշտել, թե ինչու է մեկնել Հայաստանից, սակայն այդպես էլ հստակ պատասխան չստացանք: «Այս պահին չեմ ուզում մեկնաբանել»,-համացանցով զրուցելիս ասաց նա»:
«Ժամանակ» թերթը գրում է. « Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում հնարավոր փոփոխությունների մասին: Մասնավորապես, իշխանությունում քննարկվում է մշակույթի նախարարության եւ տուրիզմի գործակալության միավորման արդյունքում ունենալ նոր նախարարություն, որը հենց այդպես էլ կկոչվի՝ Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն: Այդ նախարարության վրա աչք ունի ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները համարում են, որ իրենց ինչ-որ փայ պետք է տան կառավարությանն անմնացորդ նվիրվածության համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին: ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ յալլը անունով: Մշակութային դաշտում տեղի ունեցածը, սակայն, իր մեջ քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում. այսպես պաշտոնական Բաքուն հնարավորություն է ստանում միջազգային ասպարեզում Նախիջեւանը հետագայում ներկայացնել որպես ադրբեջանական տարածք, իսկ որպես ապացույց բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, թե իբր դարեր շարունակ նախիջեւանի տարածքում եղել է ոչ թե հայկական քոչարի, այլ «յալլը» պարը: Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմն այդպես էլ չի փորձել կամ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը: Ընդ որում, Ադրբեջանի նախաձեռնության դեմ պետք էր պայքարել ոչ թե վերջին պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն որոշում էր կայացնում, այլ ավելի վաղ, երբ նրանք փորձում էին նման քայլեր անել: ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իհարկե, Մշակույթի նախարարությունն ունի իր դերը, բայց մենք ոչ մի քայլ չենք անում առանց Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնության»: Մինչդեռ նախիջեւանագետ Արգամ Այվազյանն իշխանություններին մեղադրել է անգործության մեջ. «Մեր իշխանությունների ու գիտական միջավայրի լռությունն է նրանց արտոնում, որ Նախիջեւանը «դարձնեն» ադրբեջանական»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ իսկական տոնախմբություն էր, ցնծություն։ Կարելի էր կարծել, թե հավաքված տղամարդիկ առնվազն արու զավակ էին ունեցել կամ տեղեկացել էին, թե Ղարաբաղը «տվել են» մեզ։ Նրանք շամպայն էին բացում, գրկախառնվում, գոռում՝, շնորհավորում միմյանց։ Բանն այն է, որ սա այն խումբն է, որը պայքարում էր Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու համար։ Նրանք այդ պահանջով օրեր շարունակ փողոցներում բողոքի ցույցեր էին անում եւ հասան այն բանին, որ ընդամենը մեկ ամիս առաջ ծանր հիվանդության եւ այլ հանգամանքներով առաջնորդված ու գեներալ Մանվելին գրավով ազատ արձակած դատարանը երեկ տրամագծորեն հակառակ որոշումը կայացրեց՝ կալանավորեց նրան, չնայած նոր հանգամանքներ գործում երեւան չեն եկել, եւ նրա առողջական վիճակի մեջ էլ դրական տեղաշարժեր չկան»։
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կադրերի առումով շատ լուրջ խնդիրներ կան, նորություն չէ: Ու հարցը միայն, այսպես կոչված, «կադրային սովը» չէ: Մեր երկիրը, խոշոր հաշվով, երբեք էլ «կադրային սով» չի ունեցել: Հարցն այն է, թե ինչ սկզբունքով են ընտրվում կադրերը՝ մի կողմից, և որքանով են նորմալ կադրերը պատրաստ աշխատել նորերի հետ՝ մյուս կողմից: Նախօրեին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի հրաժարականը ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի անակնկալ ազատումը պաշտոնից մեկ անգամ ևս եկան փաստելու, որ ընդհանուր առմամբ պետական համակարգում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ առողջ է: Ղամբարյանի նման մասնագետի հեռանալը գուցե լավ է իր համար, փաստաբանական համակարգի համար, սակայն ինքնին անհանգստացնող է պետական ապարատի, այս դեպքում՝ իրավապահ համակարգի համար: Իսկ Գրիգորյանի «ոտքի վրա» ազատումը մտահոգիչ է կադրերի ընտրության սկզբունքների ու անաչառության տեսակետից: Մեր տեղեկություններով, իշխանություններն այս փուլում փորձում են համալրել կադրային ահռելի բացը, որ ունեն, սակայն մի կողմից հիմնական չափորոշիչը «պոլի փետի» հայտնի սկզբունքն է ու այն, թե որքանով տվյալ անձը արագ կանցնի «թրի տակով», այն է՝ համակերպվող, ենթակա, կատարող կլինի՝ առանց հակադրման ու նախաձեռնողականության որևէ նշույլի, մյուս կողմից կայացած շատ անձանց վիրավորում է ձևավորված ինչ-որ անհասկանալի հանձնաժողովի միջոցով «քննական» այն պրոցեսը, որով պիտի անցնի պոտենցիալ թեկնածուն: Վերջապես, մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ տարբեր պետական գերատեսչություններում ներկայումս աշխատողներից ոմանք ևս նպատակ ունեն առաջիկայում ազատվել աշխատանքից: Ընդ որում, պատճառները բավական տարբեր են ու դրանց մեջ ցածր աշխատավարձը ամենավերջին տեղերից մեկում է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այս ընթացքում լծվել է ոչ միայն նախկինի կադրերից ազատվելու, այլեւ բուժհաստատության տարածքում գործող բուֆետները փակելու գործին: «Ժողովուրդ» թերթին է դիմել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին աշխատակից Գարիկ Ղանդեւոսյանը` պատմելով, որ Հովակիմյանը տնօրեն նշանակվելուց հետո փակել է տվել հիվանդանոցի ու ծննդատան բուֆետները: Այժմ փակման հերթը պոլիկլինիկայում գործող բուֆետինն է, որտեղից հիմնականում օգտվում են ուսանողները: Ըստ Ղանդեւոսյանի` խոսքը մոտ 20 քմ տարածքի մասին է, որն ինքը վարձակալել է ամսական 25 հազար դրամով: Բայց նոր տնօրենը վերջերս իր մոտ է կանչել եւ զգուշացրել, որ վարձակալության չափը տասն անգամ ավելացնում է՝ սահմանելով 250 հազար դրամ: «Հնարավոր չէ այդ փոքր տարածքը վարձակալելու համար 250 հազար դրամ վճարել այն դեպքում, երբ օրվա մեջ 5-6 հազար դրամի առեւտուր չի լինում»,- ասաց նա: Հիվանդանոցի՝ մամուլի հարցերով պատասխանատու Պետրոս Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատել է բուֆետը փակելու փաստը` նշելով. «Տվյալ տարածքը, շենքային պայմաններից ելնելով, այլ նպատակով կօգտագործվի»»: