26.11.2024
Ելքագրվել է 550 մլն դրամ. խոշոր կոռուպցիոն բացահայտում սոցապ ոլորտում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանի իշխանության աչքը ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի վրա է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Նախկին ու ներկա իշխանությունների հարաբերություններում, բացի քննադատությունից, կա նաեւ, մի կողմից, նախկին իշխանական կապիտալը պահպանելու, մյուս կողմից, սեփականելու միտում։ Կապիտալ ասելով պետք չէ դղյակ ու գործարան պատկերացնել, խոսքը ՀՀԿ-ի «հավաքական» կապիտալի մասին է, այն է` կուսակցության կենտրոնական գրասենյակ, բոլորին հայտնի Մելիք-Ադամյան փողոցում։ Մեր տեղեկություններով` նոր իշխանությունը փորձեր է անում ՀՀԿ-ի գրասենյակը վերցնել նախկին իշխանության ձեռքից, բայց դեռ հապաղում է` սպասելով ՀՀԿ-ի համագումարին, երբ պարզ կդառնա` կուսակցությունը մնում է Սերժ Սարգսյանի ձեռքու՞մ, թե «ի պահ» է տրվում մեկ ուրիշի։ ՀՀԿ-ամերձ շրջանակներից հայտնում են, որ գրասենյակը կարող է մնալ նախկին իշխանավորներին, եթե Սերժ Սարգսյանը շարունակի կուսակցության ղեկավարումը, ինչն այս պահին խիստ հավանական են համարում ՀՀԿ-ում։ Եթե մեկ այլ անձ ստանձնի ՀՀԿ-ի ղեկավարումը, հնարավոր է խնդիրներ առաջանան շենքի պահպանման հարցում։ Այդուհանդերձ, միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ մեծ ցանկություն ունի քաղաքական դաշտից ոչ միայն ՀՀԿ-ն վերացնելու, այլեւ նրա գրասենյակն ու կուսակցության` «Մելիք-Ադամյանով անցնելու» հնարավորությունը»:


«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ոստիկանապետ կնշանակվի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունների ընթացքից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը կազմավորված է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակել, ավելի ճիշտ, հիմնականում վերանշանակել է 17 նախարարներից 12-ին: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` կառավարությունը կազմավորված է համարվում, եթե նշանակվել է անդամների 2/3-ը, խնդիրն իրավական առումով կարելի է համարել լուծված. այս պահին կառավարության 21 անդամներից 15-ը նշանակված են: Ուսումնասիրելով արդեն նշանակված նախարարների ցանկը` կարելի է նաեւ եզրակացնել, թե որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները, թե որ նախարարները չեն պահպանի իրենց պորտֆելը: Դրանք են՝ Գյուղատնտեսության նախարարություն, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն, Մշակույթի նախարարություն, Սփյուռքի նախարարություն եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություն: Թեեւ կառավարության կառուցվածքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը դեռ վերջնականապես չկա, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ արդեն վերջնականապես հայտնի են սկզբունքները, որոնց համաձայն տեղի կունենան օպտիմալացումները: Հայտնի էր, որ ՀՀ մշակույթի, նաեւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը կմիավորվի Արայիկ Հարությունյանի ղեկավարած ԿԳՆ-ին, Գյուղատնտեսության նախարարությունն ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններն էլ կմիավորվեն Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը կդառնա ՀՀ վարչապետին կից կոմիտե»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռեւս չի նշանակվել։ Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է, սակայն նոր կառավարության անդամ չնշանակվեց։ Չնայած կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էներգետիկայի նախարարությունը նախատեսվում է միավորել տարածքային կառավարման կամ բնապահպանության նախարարության հետ, սակայն նախարար, փաստորեն, այլ անձ նշանակվեց։ Իսկ Վանեցյանի քենակալը, որը վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում, ըստ որոշ տեղեկությունների, կարող է վերադառնալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի նախագահի պաշտոնը հուլիս ամսից թափուր է, քանի որ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին, իսկ նշանակվել էր 2013-ին` 5 տարի ժամկետով։ Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։ Նոր Սահմանադրությամբ, ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ: Ի դեպ, Լյովա Երանոսյանի պաշտոնանկությունից հետո թափուր է նաեւ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը, ժամանակավոր պաշտոնակատարն է նրա տեղակալ Սամվել Հակոբյանը։ Հիշեցնենք, որ ՆԶ հրամանատարին ոստիկանապետի միջնորդության հիման վրա, վարչապետի առաջարկով, նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն իր թիմի հետ միասին փորձեց տապալել ընտրությունը: Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին, որին կողմ քվեարկեց խորհրդի անդամներից 21-ը: Իսկ ահա մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկեց խորհրդի 7 անդամ: Արձանագրենք, որ Վահան Արծրունու թեկնածությանը դեմ քվեարկեցին Լենա Նանուշյանը, Լուսինե Քոչարյանը, Դավիթ Պետրոսյանը, Մանե Ադամյանը, Լիանա Ղալթախչյանը, Էդուարդ Համբարձումյանը, Արեն Մկրտչյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ-ն ակտիվացել է. ակտիվացել են նաեւ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները, որին Արմեն Աշոտյանը փորձում է երկրորդ շունչ տալ։ Ըստ ՀՀԿ-ականների` նման քաղաքական ծրագրերը թույլ կտան հավաքագրել ոչ միայն բանիմաց, այլեւ այս ընթացքում կուսակցությունը չլքած երկտասարդներին` կուսակցության ռեբրենդինգի ապահովման, բայց առաջին հերթին ակտիվ արտախորհրդարանական պայքար ծավալելու համար: Ակտիվացել է անգամ տեւական ժամանակ ՀՀԿ-ի շենքի մոտ չերեւացող ՀՀՇ-ի Գեւորիկը, որն ուրբաթ օրվա վերջին ԳՄ նիստից մեկ ժամ առաջ պարտաճանաչ կանգնած էր ՀՀԿ մուտքի մոտ: «Գեւորիկ, սխալ ես եկել, իրենք էլ իշխանության չեն, պիտի գնաս մի քանի մետր էն կողմ` կառավարության շենքի մոտ կանգնես»,- հորդորեցինք նրան: «Դու ինձ մի սովորացրու, ես գիտեմ ինչ եմ անում. եթե գիտես, ասա` խորհրդի՞, թե՞ ԳՄ նիստ է»: Քեզ համար մեկ չի՞, իրենք իշխանության չեն, նորերը փող չե՞ն տալիս։ «Տվող չկա, լավ ուզող կա»: Մոտեցող Կարեն Ավագյանին նկատեցինք․ գործազուրկ է, պետք չէ նրանից փող ուզել՝ հորդորեցինք Գեւորիկին։ «Գործազուրկ չեմ, պրոֆեսոր եմ, գիտությունների թեկնածու, դասախոսում եմ Բժշկական համալսարանում․ անգլերենով` հնդիկներին։ Սկզբում՝ քիչ ժամերով, հիմա` իշխանափոխությունից հետո, շատ ժամեր եմ վերցրել»,- արձագանքեց Ավագյանը: Պրոֆեսոր, Դուք կարծես դատական բժիշկ եք, չէ՞․ տխուր մասնագիտություն չէ՞: «Երբեք, մանավանդ` իշխանափոխությունից հետո»,- մեր սեւ հումորին սեւ հումորով պատասխանեց Կարեն Ավագյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում` մեր պատվիրակության առաջին մասնակցության առումով: Բանն այն է, որ պատվիրակությունը բավականին հետաքրքիր համամասնություն ունի. «Իմ քայլին»՝ իշխող դաշինքին հասնում էր 3 տեղ` հիմնական կազմում, սակայն «Իմ քայլը» մեկը զիջել է ընդդիմությանը` ոչ ընդդիմության «սիրուն աչքերի» համար, այլ բացառապես քաղաքական հաշվարկից ելնելով։ Բանն այն է, որ «Իմ քայլի» պատվիրակության ներկայացուցիչները գրեթե փորձ չունեն, եւ չնայած իրենց հանգստությանը, որ նստաշրջանում հակահայկական օրինագծեր չկան, ու վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունները սուր ընդգծումներ չունեն, այնուհանդերձ, նրանք պատվիրակության հիմնական կազմում են թողել ԵԽԽՎ հին «գայլեր» Էդմոն Մարուքյանին ու Նաիրա Զոհրաբյանին, որ թեժ «բոյերը» նրանք տան` անհրաժեշտության դեպքում պարզերես անելով պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի երեսը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարզպետների կողմից իրենց եւ մարզպետարանների աշխատակիցներին պարգեւատրելը հրահանգավորված է եղել կառավարությունից եւ անմիջականորեն կապված է խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած բարձր արդյունքների հետ: Մարզպետները եւ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կառույցները ակտիվորեն ներգրավված էին ընտրական գործընթացներում, եւ իշխանությունը պետական բյուջեից կատարված պարգեւատրումներով ցույց տվեց, որ ոչ մի ծառայություն առանց վարձատրության չի մնում»: