Ղարաբաղյան բանակցային գործընթացում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ`Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում հակամարտության կողմերին հասարակությունները պատրաստել խաղաղության:
Այսպիսի հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ՀՀ-ին ու ԼՂՀ-ին`շրջանների զիջման նպատակով: Այդ ամբողջը կարող է հասարակությանը մատուցվել այն կոնտեքստում, որ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցել ու պայմանավորվել են դեռևս ՀՀ նախկին իշխանություններն ու Երևանը ստիպված է գնում դրանց կյանքի կոչմանը: Նշենք, որ մադրիդյան սկզբունքները ձեռնտու չեն հայկական կողմերին ու ենթադրում են Արցախի անբաժան մաս հանդիսացող ու անվտանգության կարևորագույն բաղադրիչ 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին`պահպանվելու է միայն նեղ մի ճանապարհ`Լաչինի միջանցքի տեսքով, որը ցամաքային կապ կապահովի ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի միջև:
Սակայն Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների ու Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսելու նախապատրաստությունների ֆոնին հայկական հասարակություններին`ՀՀ-ում ու Արցախում խաղաղության պատրաստելը կարող է հանգեցնել նոր հեղափոխության`այս անգամ արդեն Արցախի փրկության, ազգային ճակատի ֆորմատով:
Արցախի հարցում զիջումների ցանկացած փորձ հանգեցնելու է հասարակության ամենալայն շերտերի դիմադրությանը`թե ՀՀ-ում, թե Սփյուռքում ու ամենակարևորն`Արցախում: Դա կարող է հանգեցնել իշխանափոխության`փողոցի միջոցով կամ անգամ ռազմական հեղաշրջման տեսքով:
Բանակն Արցախում չի ենթարկվելու հողերը զիջելու ու խրամատները թողնելու հրամանին`Արցախում այդպիսի հրաման տվող պետական գործիչը`դատապարտված է:
ՀՀ-ի իշխանությունների համար զիջումները կարող են նշանակել քաղաքական ինքնասպանություն`Փաշինյանի կառավարության դեմ ազգային ճակատի`Արցախի փրկելու օրակարգի շուրջ տեղի կունենա արտախորհրդարանական ամենալայն շրջանակների միավորում`ՀՀԿ-ի, ՀՅԴ, Ռոբերտ Քոչարյանին աջակցող տարբեր ուժերի ու անհատների, նախկին զինվորականների, ԵԿՄ-ի և այլ շրջանակների, ձևավորման տեսքով:
Չպետք է մոռանալ նաև Սասնա ծռերի մասին, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին թավշյա հեղափոխությանն ու դրա շնորհիվ հայտնվեցին ազատության մեջ, սակայն այդ ուժը զենքը ձեռքին թույլ չի տալու որևէ իշխանության`ՀՀ-ում կամ Արցախում գնալ ոչ հայանպաստ զիջումների`ազատագրված հողերի հանձնմանը:
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ունի մեծամասնություն, սակայն խորհրդարանի պատերից դուրս առկա է քաղաքական ուժերի լայն կոալիցիա`նրանք Արցախը փրկելու օրակարգի համատեքստում կունենան նաև ժողովրդի լայն աջակցությունը, ովքեր թույլ չեն տալու զիջումներ Արցախի հարցում ու հայրենասիրական, ազզն ու Արցախը փրկելու կոչերով կփորձեն վերադառնալ իշխանության կամ հասնել այս իշխանությունների տապալմանը:
Արցախի հարցում զիջումները բացելու են պանդորայի արկղը Փաշինյանի իշխանության համար`դա պետք է գիտակցել ու անել համապատասխան եզրակացություններ: