VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«168 ժամ»-ը գրում է. «Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) տնօրենի պաշտոնը, պարզվում է, հետաքրքրում է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նա է պնդել, որ «Արձագանք» խմբի երաժիշտ Եղիշ Պետրոսյանն անպայման հայտ ներկայացնի՝ մասնակցելու ՄՀՀ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված փետրվարի 1-ի մրցույթին: Այս մասին տեղեկացանք անցած շաբաթ 168.am-ի հրապարակմանը հետևած արձագանքներից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՄՀՀ-ի աշխատակազմում վստահ են՝ մրցույթը ձևական բնույթ է կրելու, և հաղթելու է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանի հովանավորյալը՝ Սամվել Մելիքսեթյանը: «Արձագանք» խմբի երաժիշտ Եղիշե Պետրոսյանը հեղափոխության օրերին իր հարցազրույցներով ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուս թեկնածուին՝ Սամվել Մելիքսեթյանին բնութագրելիս ասում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերն է: «Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»,- Մելիքսեթյանի մասին ասել էր մեր աղբյուրը:
Մելիքսեթյանը, ով չի թաքցրել այդ պաշտոնում իր հավակնությունների մասին, օրեր առաջ մեր հրապարակմանն արձագանքած հարցազրույցներում հաստատել է Միրզոյանի հետ իր ընկերական կապի և, հետևաբար՝ նույն կապով «Անի» հյուրանոցի տուրիստական ավտոբուսից ՄՀՀ համալիրի տնօրենի պաշտոնում հաստատվելու մասին տեղեկությունները: Փաստորեն, ՄՀՀ պաշտոնը լուրջ կռիվ է գցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության, կառավարության ներսում: Կլինի՞ հանդուգն մեկ այլ թեկնածու, թե՞ ոչ, պարզ կդառնա հայտերի ընդունման վերջնաժամկետին՝ հունվարի 25-ին: Այս փուլում շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Միրզոյանը հակված է գնալ կառուցողական զիջումների, և քննարկվում է երկու կողմերի համար, թերևս, «լավագույն» տարբերակը։ Իշխանական ՔՊ կուսակցության ներսում ավելորդ տրամադրություններ չհրահրելու համար, հավանական է՝ Միրզոյանն իր մտերիմ ընկերոջը մինչև փետրվարի 1-ը նշանակի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, որպեսզի Ավինյանը մրցութային հանձնաժողովով լեգալացնի իր նախընտրած թեկնածուի հաղթանակը ՄՀՀ տնօրենի պաշտոնում:
Նշենք, որ չճշտված տեղեկությունների համաձայն՝ Եղիշե Պետրոսյանին հովանավորելու Ավինյանի մտադրությունները ոչ այնքան վերջինիս երաժշտական ճաշակով կամ քաղաքական նույն հայացքներով են պայմանավորված, որքան համատեղ բիզնես շահերով: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Տ.Ավինյանն է հոգացել, որպեսզի Եղիշե Պետրոսյանը զբաղվի նաև կառավարական շենքերի վարչական համալիրի արտաքին ճակատի գեղարվեստական լուսավորության հարցով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ խորհրդարանի պատմության մեջ երեկ առաջին անգամ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն. եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ բոյկոտել են ԱԺ նիստն ու չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, կա՛մ այլընտրանքային թեկնածու են առաջադրել, ապա երեկ, ընդհակառակը, ոչ միայն իշխանական «Իմ քայլը» դաշինքը, նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին Միրզոյանին: Արդյունքում նա ստացավ 131 կողմ եւ 0 դեմ ձայն: Միայն մեկ քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անվավեր քվեաթերթիկի վրա նշում է արվել և՛ «կողմ», և՛ «դեմ» վանդակում: Կասկածներ կան, որ քվեաթերթիկը պատգամավորն անվավեր է դարձրել մտածված: Թե ով է եղել այդ պատգամավորը, խորհրդարանական մեր աղբյուրները դժվարացան մատնանշել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախում սկսվում է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որը կայանում է 2 տարին մեկ եւ որոշում է առաջիկա 2 տարվա քաղաքական ուղենիշներն ու ղեկավար մարմին՝ Բյուրո է ընտրում։ Այս անգամ Ընդհանուր ժողովն ընթանում է բավականին էքստրեմալ պայմաններում՝ ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս մնալուց եւ ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո։ Ժողովի գլխավոր խնդիրը լինելու է 19 տարի Բյուրոն ղեկավարած Հրանտ Մարգարյանի մնալ-չմնալու հարցը։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ում խիստ բացասաբար են գնահատում Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի եւ մասնավորապես Մարգարյանի նկատմամբ եւ կարծում են, որ այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 5-6 ամիս է՝ չի ընդունում Մարգարյանին, վիրավորանք է կուսակցության նկատմամբ։ Եվ միայն դա բավական է, որ իրենք կրկին ընտրեն Մարգարյանին՝ Փաշինյանին հասկացնելով, որ 128-ամյա կուսակցության հետ պետք է հաշվի նստել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանական հանձնաժողովները, շատերի համար անսպասելի հայտարարվել է, որ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվելու ԲՀԿ-ին։ Մեզ նախապես ասացին, որ այն ղեկավարելու է Անուշ Բեղլոյանը՝ «Բիլայնի» նախկին խոսնակը, որը Միրզոյանի ջանքերով է հայտնվել խորհրդարանում։ Սակայն երեկ այլ անուն էր հնչում՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանի։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ դեռ քննարկման փուլում է հարցը։ Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունն անմասն է այս հարցերից՝ որոշումները կայացնում է Փաշինյանն անձամբ՝ պատգամավորների «քաստինգն» անող խմբի հետ։ Դաշինքը, սակայն, այս օրերին ցայնտոտի մեջ է՝ հունվարին կարեւոր միջխորհրդարանական վեհաժողովներ կան նախատեսված, ու պետք է կարողանան հավուր պատշաճի մասնակցել դրանց` ԵԽԽՎ, Արեւելյան գործընկերության` Եվրանեստի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների նիստեր։ Պետք է պատվիրակություններ ձեւավորել, պատվիրակներին նախապատրաստել, ղեկավարներ նշանակել: Եվրասիական ուղղությամբ եւս՝ ՀԱՊԿ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովների, հայ-ռուսական բարեկամական խմբի ձեւավորման ժամանակն է»:
«Ժամանակ» թերթի հավաստի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ անդամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ: Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր: Մեզ հետ զրույցում ինքը՝ Բաբայանը, նշեց, որ նման առաջարկ այս պահին չի ստացել և այդ մասին խոսել չի կարող: Մեր տեղեկություններով՝ փոփոխությունների համատեքստում, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի փոխարեն: Պողոսյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: «Ես ձեզ շատ հարգում եմ, ընդունում եմ, բայց նման ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել, անդրադառնալ: Ես մարզպետի պաշտոնում պաշտոնավարելու եմ Սյունիքի մարզում, խնդրում եմ՝ ինձ նման հարցեր մի տվեք»,- ասաց Պողոսյանը: Մեր հստակեցնող հարցին՝ նման առաջարկ ստացե՞լ եք, Պողոսյանը մի պահ լռեց, ապա նորից պնդեց, որ այդ թեմայով խոսել չի ցանկանում»:
«Իրատես» թերթը գրում է. «7-րդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկին չէին տալիս: Այդ բանավեճերն ամեն անգամ «չոքելու» են ԱԺ նիստերի ամբիոնին, քանի որ երկու ուժերն էլ իրար ոչնչացնելու հատուկ սցենար ունեն: Այդ հարցում առաջամարտիկը ԼՀԿ-ն է, որը հստակ թիրախավորել է ԲՀԿ-ին, վերջինս էլ բավական ուշագրավ քայլեր է մշակում՝ կոմպրոմատներ հավաքելով լուսավորականների առաջին դեմքի վերաբերյալ: Հիշենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների առաջին դեմքերի հայտնի բանավեճը, երբ Ծառուկյանը «կլասիկ» Մարուքյանին հիշեցրեց նրա հովանավորի ու այն մասին, թե ինչպես ծառուկյանականները Մարուքյանին խորհրդարան անցկացրին: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանն իր թիմակիցներին հայտնել է, որ եթե Մարուքյանը «համը հանի», ինքը բաց տեքստով կխոսի, թե ինչ ձեւով է Գեւորգը համապատասխան փաստաթղթեր չունեցող Մարուքյանին «օգնել» պատգամավոր դառնալու, եւ թե ով է նրա իրական հովանավորը: Դե ի՞նչ, եթե այս տեմպերով ԼՀԿ-ն շարունակի ընդդիմանալ ԲՀԿ-ին, հեռու չէ նաեւ ծառուկյանականի բացահայտումների օրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բուռն սպասումներին` երեկ ԱԺ նիստը տարօրինակ ընթացք ունեցավ. նոր պատգամավորները ցայտնոտի մեջ էին` կաթողիկոսի աղոթքից հետո մեծ մասն անգամ խաչ չհանեց: Իշխող մեծամասնության սենյակների «ժերեբյովկան» ավարտվել էր, սակայն շատերը միջանցքում էին՝ նախկին պատգամավորներն իրենց իրերը չէին տարել: Առավել ակտիվ էին հանձնաժողովի դեռ չընտրված նախագահները, որոնք ակտիվ ելումուտ էին անում եւ իրենց տիրոջ պես զգում: Ակտիվ էր նաեւ վերահսկողական ծառայության պետի տեղակալը՝ Հայկ Սարգսյանը, ով վերջին օրերին համացանցի «հերոսն» է դարձել։ Հարցին` բա ո՞ւր է Ձեր բաճկոնը, որի վրա Ձեր անունն է գրված եւ «պատգամավոր», ասաց. «Կներեք, որ էսօր բաճկոնս չեմ հագել»»: