Փոխըմբռնումից հետո. Մնացականյան-Մամեդյարովը հանդիպումը տեղի կունենա Փարիզում
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել էին անցյալ տարվա վերջին Միլանում, որից հետո Մամեդյարովը հայտարարեց հայաստանցի գործընկերոջ հետ ԼՂ հարցում փոխըմբռնման հասնելու մասին:
ՀՀ ԱԳՆ–ից արձագանքել էին այդ հայտարարությանը նշելով, որ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ:
«Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,–ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: