Փաշինյանի վարկանիշը «մաշեցնելու» են ԱԺ-ի պատերից դուրս
«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին:
Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո: «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի մյուս երկու համահիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, լինելով ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, կուսակցական չեն եղել։
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն այդպես էլ չհայտնվեց նորընտիր խորհրդարանում, սակայն հավաքեց զգալի թվով ձայներ և քիչ էր մնում հաղթահարեր ԱԺ մտնելու շեմը: Դա նշանակում է, որ հին իշխանությունը դեռևս ունի էլեկտորատ`որոշակի վարչական, ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսներ, և այժմ ՀՀԿ-ի երիտթևը կամ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թիմը սկսում է վերադասավորել ուժերն ու պայքարել իշխանության համար` նոր հարթակներ ստեղծելով: Շրջանառվող լուրերի համաձայն, «Քառյակ մեդիայի» հենց նա` մեդիամագնատ Միքայել Մինասյանը:
ՀՀԿ-ն չհայնտնվելով խորհրդարանում, այժմ Նիկոլ Փաշինյանի ու նոր կառավարության դեմ, որի վարկանիշն արագ անկում է ապրում բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների ու ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, սկսելու է պայքարել ԱԺ-ի պատերից դուրս, արտախորհրդարանական ուժի կարգավիճակում` օգտագործելով այն հարթակները, որոնք ստեղծում են նախկին թիմակիցները: Այդ մեդիաներն օգտագործվելու են նաև սեփական էլեկտորատի հետ աշխատանքի համար: Փաշինյանի դեմ աճող դժգոհությունն այս թիմը փորձելու է մոտակա տարիներին վերածել քաղաքական կապիտալի կամ պոտենցիալ ընտրողների` կառավարության վարկանիշը «մաշեցվելու» է նաև «Քառյակ մեդիա»-ի տեղեկատվական ռեսուրսների օգնությամբ: Հավանաբար նրանք հանդես կգան Փաշինյանի և նոր կառավարության խիստ, սակայն հիմնավոր քննադատությամբ`շեշտը դնելով մի քանի հանգամանքների վրա: Առաջին հերթին քննադատելու են սոցիալ-տնտեսական բազմաթիվ չլուծվող խնդիրները, նոր քաղաքապետի աշխատանքը, ՌԴ-ՀՀ հարաբերությունների վատթարացումը`գազի գնի բարձրացման և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորստի, Ղարաբաղի հարցում ոչ պրոֆեսիոնալ մոտեցման և այլ «մեղքերի» համար:
«Քառյակ մեդիա»-ի հարթակները` կայքերը, ռադիոն ու հեռուստատեսությունը դառնալու են Աշոտյանի, Շարմազանովի, Շահնազարյանի համար հարթակներ, որտեղ նրանք հյուրի, փորձագետների կարգավիճակում հյուրընկալվելու են ու խիստ քննադատեն Փաշինյանին:
Հին էլիտան փորձում է ռևանշի հասնել, սակայն այդ պայքարը երևակատև է` հաջորդ ընտրությունների նախապատրաստման աշխատանքները մեկնարկում են այսօր: Եթե ՀՀ-ում տեղի ունենան ֆորս-մաժորային իրավիճակներ, ապա նրանք կրկին կփորձեն վերցնել իշխանությունը` հանդես գալով կոնտրէլիտայի դերում:
Բացի «Քառյակ մեդիա» հարթակից, Փաշինյանի ու նոր կառավարության սուր քննադատությամբ են զբաղվում ու շարունակելու են զբաղվել նաև Ռոբերտ Քոչարյանի թիմն ու մեդիաները, ինչպես նաև առանձին փորձագիտական խմբեր ու բլոգերներ: Փաշինյանի վարկանիշի անկման ու այս հարթակների ակտիվ աշխատանքի արդյունքում գարնանն ու ամռանը ՀՀ-ի քաղաքական դաշտում կարող են տեղի ունենալ լուրջ վերադասավորումներ` նոր կուսակցությունների ստեղծման և հին էլիտայի ռեբրենդինգի պարագայում իշխանություն վերցնելու ռևանշի փորձեր: