24.11.2024
Գազի գնի շուրջ որոշում չկա, բայց ես լավատես եմ. Փաշինյանն ամփոփեց մոսկովյան այցը
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԲՀԿ-ականներին անհանգիստ տոներ են սպասվում` Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնում է Հայաստանից եւ երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ին: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական աշխատանքին: Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձեւով չի ընդդիմանալու «Իմ քայլը» դաշինքին եւ բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «Իմ քայլի» նախորդ օրն անցկացրած թրեյնինգը` նոր պատգամավորներին ԱԺ կանոնակարգին ծանոթացնելու մասով, առաջինը չի եղել. մոտ 10 օրն առաջ եւս նման մեկ հավաք է եղել, որին, ի դեպ, ակտիվ մասնակցություն է ունեցել նախկին պատգամավոր, փորձագետ Թեւան Պողոսյանը: Դուք մասնակցե՞լ եք՝ հարցրինք «Իմ քայլի» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին: «Այո»: Ի՞նչ եք անում այդ հանդիպումների ժամանակ։ «Առանձնապես` ոչինչ. ծանոթացնում են ԱԺ կանոնակարգին, առաջին նիստի ընթացակարգին, ընդհանրապես՝ նիստերի ժամանակ տեղի ունեցողին, պատգամավորների պարտականություններին։ Մի քանի հոգիս, ներառյալ Հովհաննես Իգիթյանը, դրա կարիքը չունեինք, բայց հարկ էինք համարել մասնակցել»: Դուք կարծես ՔՊ հիմնադիր անդամ եք. մասնակցո՞ւմ եք դաշինքի որոշումների կայացմանը, ասում են, օրինակ, Սասուն Միքայելյանը նեղ «կռուգի» քննարկումներին ներկա չի լինում։ «Ես ՔՊ-ի վարչության անդամ եմ, եթե վարչության նիստ է, իհարկե, մասնակցում եմ. այնտեղ քննարկվում են հիմնականում քաղաքական որոշումներ, քիչ դեպքերում` կադրային հարցեր»: Կառավարության կազմը մինչեւ Ամանոր կհրապարակվի՞։ «Գործընթացը դեռ սաղմնային վիճակում է, Ամանորից հետո կհրապարակվի, իսկ առավել ստույգ` թերեւս ԱԺ առաջին նիստին զուգընթաց»: Իսկ Դուք ԱԺ-ում արդեն սենյակ ունե՞ք. սենյակների համար «ժերեբյովկան» արվե՞լ է։ «Ժերեբյովկան եւս կլինի ամսի 8-ից հետո»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն ընդամենը մի քանի ամիս ԱԳ փոխնախարար աշխատած Ռուբեն Ռուբինյանն է: Այդ հանձնաժողվի նախագահ կարող էր լիներ նման աշխատանքի փորձ ունեցող Հովհաննես Իգիթյանը, սակայն նրա թեկնածությունը մերժվել է իբրեւ թե ՀՀՇ-ական անցյալ ունենալու համար, մինչդեռ Ռուբինյանը մաքուր ՔՊ-ական է, իսկ դա հիմա ամենակարեւոր արժանիքն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահը, մինչեւ արտահերթ ընտրությունները Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաեւ Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։ Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինծառայությունից, ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է եւ զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով։ Իսկ կրտսեր որդի Վահագն Արսենյանը՝ առողջական, որոշ տեղեկություններով՝ տեսողության հետ կապված հիմքով։ Մեր տեղեկություններով, վերջերս, ի թիվս շատերի, վերաբացվել է նաեւ Արսենյանի որդու ազատման գործը, Արսենյանն էլ, հասկանալով որդու գլխին գալիքը, նրան տեղափոխել է Ռուսաստան։ Օրերս տեղեկացանք, որ որդու «խաթեր» գործարարը մի ամբողջ գերդաստանի համար տոմս է գնել, որ մեկնեն, եւ ամանորյա տոները որդին մենակ չանցկացնի ցուրտ ռուսաստաններում։ Հիշեցնենք, որ Արսենյանն առաջիններից էր, որ հեռացավ ՀՀԿ-ից ու պաշտպանեց հեղափոխությունը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ամանորին ընդառաջ «շեֆերը» կանչել են թաղապետարանի աշխատակիցներին ու հորդորել, որ աշխատանքից ազատման դիմումներ գրեն: Երեւանի տարբեր վարչական շրջանների թաղապետարաններից արդեն իսկ մի շարք աշխատակիցներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր պատմության մեջ է հայտնվել քաղակտիվիստ, հեղափոխության օրերին մեծ դերակատարում ունեցած, Քոչարյանի ասուլիսը տապալած «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (որի ղեկավարն օրերս ցենտրիստական կուսակցություն ստեղծած Արթուր Ղազինյանն է՝ ԵՊՀ իրավաբանականի դեկանի որդին), ուր դասավանդում են արտասահմանից եկած բավականին թվով մասնագետներ: Դավիթ Պետրոսյանն անցած շաբաթ հեռացվել է բուհից, ինչպես ասացին` դասերից բացակայության ու միջանկյալ քննությունները չհանձնելու պատճառով: Մեր հարցին ի պատասխան՝ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասաց. «Նա ոչ թե դուրս է մնացել, այլ դիմում է գրել ու դուրս եկել»: Դիմում գրելու պատճառը… «Ես չեմ կարող նշել. դա անձնական տվյալ է, ինքս նույնպես չեմ կարող ճշտել դա»: Իսկ կենտրոնի պատասխանատուներից մեկն ասաց, որ քննաշրջանի ընթացքում նա իսկապես խնդիրներ, բացականեր է ունեցել, իր հետ զրույցում էլ ասել է․ «Ես չեմ հասցնում, զբաղված եմ` ժամանակս չի հերիքում, որ քննությունները պարապեմ, տարկետում եմ ձևակերպում»»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի Բժշկական համալսարանում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է: Նոր իշխանությունը Դավիթ Սանասարյանին և նրա ղեկավարած կառույցը օգտագործում է որպես իր կադրային քաղաքականությունը առաջ տանելու գործիք՝ վստահ, որ ցանկացած պետական հաստատությունում կարելի է խախտումներ հայտնաբերել, և ցանկացածին այդ հիմքով պաշտոնանկ անել»: