ՀԿԵ աշխատակիցները Փաշինյանից խնդրում են Պուտինի հետ քննարկել նաեւ երկաթուղու հարցը
ՀՀ Ելք խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին են դիմել Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կատարվող իրադարձությունների մասով։
Պատգամավորը տեղեկացնում է, որ նրանք նշում են, որ երկաթուղին շարունակում է աշխատել այնպես, ինչպես եղել է, ավելին՝ ղեկավար անձինք վստահեցնում են, որ որեւէ խնդիր չունեն, ինչպես աշխատել են, այնպես էլ կաշխատեն, դեռ մի հատ էլ հոխորտում են, թե որ այդքան գործեր հարուցեցին, ի՞նչ փոխվեց, որեւէ բան չգտան։
«Նոր իշխանությունների լռությունը, իրավապահ մարմինների անտարբերությունը վախեցնող է։ Քանի որ դեկտեմբերի 27-ին Փաշինյանը հանդիպելու է Պուտինի հետ, աշխատակիցները խնդրում են անպայման քննարկել նաեւ երկաթուղու հարցը՝ չմոռանալով վարչապետի նախկին արած հայտարարությունները։
Իսկ իրավապահ մարմիններին ընդամենը մեկ հարց ունեն՝ այդքան գործեր եք հարուցել, փոխնախարարի մասին եք հաղորդում, ինչո՞ւ գեթ մեկ երկաթուղային պաշտոնյա չկա մեղադրյալների ցանկում, կամ եթե կա, ինչո՞ւ չեք հայտարարում, ինչո՞վ եք զբաղված»,- տեղեկացնում է պատգամավորը։
Հիշեցնենք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: