23.11.2024
Վրաստանի կառավարման համակարգում փոփոխություններ են սպասվում
prev Նախորդ նորություն

Բաքուն պատրաստ է ԼՂ-ին բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել. Մամեդյարով

Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:


Նա ասել է, թե իր երկիրը, «ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, այդպես էլ պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ»: Իր հերթին, Լեռնային Ղարաբաղում ապրած մահմեդական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ:


Մամեդյարովը ափսոսանքով նշել է, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը արդյունք չի տվել: Եվ հույս հայտնել, որ 2019 թվականին իրավիճակ կփոխվի, քանի որ «վերջին իրադարձությունները Հայաստանում, ինչպես նաև երկու երկրների առաջնորդների զրույցները Դուշանբեում ու Սանկտ Պետերբուրգում, մեր երեք հանդիպումները հայ գործընկերոջ հետ որոշակի լավատեսություն են ներշնչում՝ բանակցային գործընթացում առաջընթացի մասով»:


Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը լավատեսական հայտարարություններով է հանդես գալիս ԼՂ համակարտության կարգավորման հեռանկարի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հասնել համաձայնության ՀՀ նոր իշխանությունների հետ:


Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ անդրադառնալով այդ հայտարարություններից ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որեւէ նորություն չկա:


«Ինձ անկեղծ ասած զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածը այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա և այլն։ Երբ որ նրանք խոսում են, որ այ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ։ Իսկ ինչո՞ւ այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չի այնպիսի կանխավարկած, առնվազն Հայաստանի կառավարության տեսակետից, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել։ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչքան մեր կառավարությունը», - ասել էր Փաշինյանը։