ԱՄՆ-ն շուտով Երեւանից ղարաբաղյան խնդրով զիջումներ կպահանջի. Մանոյան
Հայաստանում ներքաղաքական գործընթացները թույլ են տվել Ադրբեջանին որոշակի փոփոխություններ կատարել բանակցություններում իր մոտեցումների մեջ: Այդ մասին ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, Հայաստանը այլեւս չի խոսում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին, քանի որ «երկրի վարչապետը համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահի հետ` հրադադարի ռեժիմի խախտումների նվազման շուրջ»:
Միեւնույն ժամանակ, Մանոյանը կարծում է, որ ապագայում Ադրբեջանը կարող է ավելացնել հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունը, փորձելով գնալ քայլերի, որոնք հանգեցրեցին 2016 թվականի ապրիլին:
«Կարճ ժամանակում կսկսվի Հայաստանի վրա ճնշման գործադրումը, մասնավորապես Միացյալ Նահանգներից: Երեւանից ղարաբաղյան խնդրով զիջումներ կպահանջեն: Սա չի նշանակում, որ Հայաստանը կենթարկվի ճնշմանը, բայց դրանք կլինեն»,- ասաց Մանոյանը:
Մանոյանը համոզված է, որ առանց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, ղարաբաղյան հակամարտության անմիջական լուծմանն անցումը վտանգավոր է Հայաստանի համար: