Գազպրոմ Արմենիայի 7 հազար աշխատակիցները չեն լքել ՀՀԿ-ի շարքերը. Ռուբեն Թադեւոսյան
ՀՀԿ-ից, որը պաշտոնապես ունի շուրջ 120 հազար անդամ, բայց անցած արտահերթ ընտրություններին ստացել էր մոտ 50 հազար քվե, կուսակցականների մասսայական արտահոսք չկա:
Այս մասին տեղեկացրել են կուսակցության ղեկավարությունից՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ ՀՀ նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության արդեն նախկին առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ մի գիշերում կուսակցությանն անդամագրվելու դիմումներ ներկայացրած 7 հազար «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները ՀՀԿ – ից դուրս գալու դիմում են ներկայացրել։
ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը վստահեցնում է, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նա չի հերքում, որ Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմումն անձամբ է ներկայացրել կուսակցության գրասենյակ, սակայն սին է համարում կուսակցությունից մասսայական արտահոսքի մասին լուրերը:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Կարապետյանի հետ միասին ՀՀԿ-ն լքել են նաև իր հետ միասին կուսակցական դարձած գազպրոմի 7 հազար աշխատակիցները։
«Մամուլում տարածված ապատեղեկատվություն է, սուտ, այդպիսի բան չկա։ Ավելին՝ կուսակցությունից մեծ արտահոսք առհասարակ չկա, հատուկենտ մարդիկ են դուրս գալու դիմում ներկայացրել», – մանրամասնել է Ռուբեն Թադևոսյանը՝ հավելելով, որ հունվար ամսին հաշվարկներ կանեն ու կտեղեկացնեն, թե կոնկրետ քանի մարդ է լքել կուսակցությունն այս ամիսների ընթացքում: