Հադիջա Իսմայլովան հայտնել է իրեն երկրորդ անգամ կալանավորելու հնարավորության մասին
Ադրբեջանցի հետաքննիչ-լրագրող Հադիջա Իսմայլովան հայտարարել է իրեն երկրորդ անգամ կալանավորելու հնարավորության մասին: «Ամերիկայի ձայնի» ադրբեջական ծառայության հետ հարցազրույցում նա ասել է, որ արդեն երկրորդ շաբաթն է տարբեր աղբյուրներից ավելի զգույշ լինելու նախազգուշացումներ է ստանում, փոխանցում է Turan-ը:
«Բայց ի՞նչ եմ անում, որ զգույշ լինեմ: Իմ աշխատանքը հետաքննությունն է, եւ դրա մեջ ոչ մի ապօրինի բան չկա: Բոլորը գիտեն, որ ես դրամաշնորհներ չեմ ստանում եւ փողային հարցերով չեմ զբաղվում: Ես ամենասկզբից եւեթ այս կանոնին եմ հետեւում: Նշանակում է՝ նոր, հորինված գործ են կարում: Հավանաբար, այդ գործի շրջանակում էլ ցանկանում են ինձ նորից կալանավորել: Տեսնենք, թե հիմա ինչ կհորինեն»,- ասել է Իսմայլովան:
Նա տեղեկություններ չունի, թե որ մարմինն է քրեական գործ պատրաստում:
«Սակայն իմ բանկային հաշիվների փակումը ցույց է տալիս, որ տարբեր մարմինների միջեւ առկա է համակարգում: Հիմա դա լցվում է նաեւ լրատվամիջոցներ, նշանակում է լրջորեն հիմք են պատրաստում»,- նշել է Իսմայլովան: Նրա խոսքով՝ պարբերաբար նկատում է, որ իրեն հետեւում են, եւ աշխատում է մենակ չլինել:
Նա հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին կալանվել է «Միջազգային բանկում» իր հաշվեհամարը, որին կառավարության կողմից փոխանցվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած փոխհատուցման գումարը: Կալանքը դրվել է Հարկերի նախարարության պահանջով Բաքվի վարչատնտեսական դատարանի որոշմամբ: Խոսքը վերաբերում է «Ռադիո Ազադլիգ»-ում աշխատած ժամանակահատվածում իբր Իսմայլովայի կողմից չվճարած հարկային պարտքին:
Նա պարզաբանել է, որ ՄԻԵԴ որոշմամբ հաստատված փոխհատուցման գումարը չի կարող պատժամիջոցի, կալանքի, տուգանքի ենթարկվել: Ուստի բանկային հաշվի կալանքը կբողոքարկի դատարանում: Համանման կալանք է սահմանվել նաեւ «Ռադիո Ազադլիգ»-ի հաշվի վրա, որտեղ նույնիսկ ավելի շատ փող կա, քան Հարկային նախարարության պահանջած գումարն է:
Իսմայլովան անհեթեթություն է համարում միեւնույն պահանջի ներկայացումն իրեն եւ «Ռադիո Ազադլիգ»-ին: Ընդ որում՝ նա հիշեցրել է, որ «Ռադիո Ազադլիգ»-ում չի եղել նյութապես պատասխանատու աշխատակից: