25.11.2024
Ղարաբաղի հարցով Երևանն ու Բաքուն հասել են փոխըմբռնման. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Գուցե Բաքվում գիտակցել են բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը

Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am–ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու մասին։


«Մենք համարում ենք, որ ամեն հանդիպում գործընթացում յուրատեսակ ներդրում է։ Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը, ապա կարող ենք ենթադրել, որ առաջին հերթին, խոսքն այն մասին է, որ Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։


Երկրորդ, Ադրբեջանը բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության ընդունման ուղու վրա է։ Եթե կա համապատասխան պայմանավորվածություն եւ այդ անհրաժեշտության ընդունում Ադրբեջանի կողմից, ապա կարելի է խոսել բանակցային գործընթացի նոր որակի մասին»,–նշել է Բաբայանը։


Հակառակ դեպքում, Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, եթե Ադրբեջանը միայն բառերով աճպարարություն է անում, ապա պետք է շարունակել երկար եւ քրտնաջան աշխատանքը, սակայն պետք է հիշել, որ բանակցություններին այլընտրանք չկա։