ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չպետք է թուլացնի կազմակերպությունը. ՌԴ դեսպան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը պետք է լուծվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը չթուլանա, այլ հակառակը՝ ամրանա: Սա է ՌԴ դիրքորոշումը: Այս մասին լրագրողների հետ ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշեց, որ չի կարող մեկնաբանել կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն միանշանակ է, որ ՌԴ դիրքորորշումն այս հարցում կառուցված է ՀԱՊԿ-ի ու դրա անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հիման վրա. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցն այժմ լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով: Կարծում եմ, սա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է», - ասաց ռուս դեսպանը։
Նշենք, որ այժմ ՀԱՊԿ-ի գլխավոր քատուղարի Բելառուսի թեկնածուն Ստանիսլավ Զասը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի եւ Տաջիքստանի նախագահների հետ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին: Սակայն խնդիրը դեռեւս լուծված չէ, քանի որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշանակվում է բոլոր անդամ պետությունների ղեկավարների համաձայնության պարագայում: