Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում։ Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Հայաստանում՝ ազատության մեջ, կա՛մ կալանավայրում։
Նշվում է, որ Բաբայանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, խնդրելով ապահովել իր ընտրական իրավունքի իրացման ազատությունը, պատճառաբանելով, որ իր կամքից անկախ պատճառներով է բացակայել Արցախից՝ լինելով կա՛մ քաղաքական վտարանդիի, կա՛մ քաղկալանավորի կարգավիճակում։
Վանեցյանը խոստացել է, որ կզբաղվի այս հարցով, և օրենքի սահմաններում կկարգավորի խնդիրը։
Եթե այս տեղեկությունները հաստատվեն, Արցախում կստեղծի շատ հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ. Սամվել Բաբայանն Արցախի հերոս է, հաղթած գեներալ, ով մեծ դերակատարում է ունեցել ղարաբաղյան պատերազմի օրերին, ինչպես նաև Արցախի բանակի կառուցման գործում:
Արցախում տարիներ շարունակ իշխանությունների պատվերով նրա անվան հետ են կապել տարբեր մութ պատմություններ՝ նրա վարկանիշը գցելու և նրան, որպես քաղաքական լուրջ գործոն, չեզոքացնելու համար: Բաբայանը բազմաթիվ անգամ հերքել է այդ լուրերը` նշելով, որ դա քաղաքական պատվեր է ու նպատակաուղղված սև փիառ:
Սամվել Բաբայանը լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ նախկին իշխանությունների հետ, այդ թվում Սերժ Սարգսյանի, ում օրոք գեներալ Բաբայանի դեմ Իգլայի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, սակայն թավշյա հեղափոխության շնորհիվ նա հայտնվեց ազատության մեջ:
Բաբայանն ազատության մեջ լինելով հստակ մեսիջ հղեց նոր իշխանություններին` ողջունելով հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև սուր քննադատության ենթարկելով Սերժ Սարգսյանին ու նրա ռեժիմը: Այս կերպ Բաբայանը հայտնվեց Փաշինյանի հետ մի թիմում` հին համակարգին վերջ դնելու ու նոր Հայաստանում իր դերը ստանձնելու առումով:
Կոմանդույուշին, ինչպես Արցախում անվանում են Բաբայանին, հայտարարել է, որ Արցախում իր ապագա դերակատարումը կապված է ՀՀ-ի իշխանությունների որոշման հետ` տեսնում են նրան Արցախում որևէ լուրջ պաշտոնի, թե ոչ:
Պետք է սպասել Բաբայանի պաշտոնական հայտարարությանը` Արցախում ընտրություններին մասնակցելու հետ կապված:
Արցախում Բաբայանն ունի բազմահազար կողմնակիցներ, այստեղ իրավիճակ է փոխվել. Բակո Սահակյանը պատրաստվում է 2020թ.-ին հեռանալ իշխանությունից, նրան հավաբար կցանկանա փոխարինել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով ունի լուրջ ֆինանսական, վարչական և այլ լծակներ: Նրա կուսակցությունը ներկայացված է Արցախի ԱԺ-ում:
Բաբայանի օգտին կարող է խաղալ նրա անցած հերոսական ուղին, ինչպես նաև Փաշինյանի աջակցությունը Երևանից` դա կհանդիսանա քարթ-բլանշ ընտրություններին հաղթանակ տանելու առումով: Սակայն հասկանալի չէ՝ Փաշինյանը կաջակցի նրան, թե ոչ:
Արցախի ռազմական ղեկավարությունը, վետերանները շատ լավ են ճանաչում գեներալ Բաբայանին, հասարակության մոտ նույնպես նրա անունը կապվում է պատերազմում հաղթանակի ու անվտանգության հետ: Սակայն տարիներ շարունակ Սամվել Բաբայանի դեմ Արցախի և ՀՀ-ի իշխանություններն իրականացրել են հետապնդում` նա կալանավորված է եղել Արցախում, Հայաստանում, նրա դեմ իրականացվել է սև փիառ, նրա անվան հետ է կապվել Արցախում վախի մթնոլորտի տարածումը:
Բաբայանն առաջադրվելու դեպքում պետք է ապացուցի, որ այդ լուրերը սուտ էին, ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները տեղափոխվում են նաև Արցախի ներքաղաքական կյանք ու Արցախի նախագահի դերում նա կկարողանա համախմբել հասարակությանը, բանակն ու կարգ ու կանոն հաստատի` Ադրբեջանի դեմ գալիք պատերազմում:
Բաբայանի անունը շատ սիմվոլիկ է` Բաքվում լավ են ճանաչում գեներալ Բաբայանին ու նրա կերտած հաղթանակներն Արցախի պատերազմում: