23.11.2024
Սխալ կացություն և աննորմալ պահ, բայց ԱԺ-ն երկար առանց ընդդիմության չի մնա. Հակոբյան
prev Նախորդ նորություն

Հանրային ռադիոն՝ խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել

Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:


«Հանրային ռադիոն իր պատմության կենսագրականում, թերեւս առաջին անգամ է հայտնվել մերօրյա անփառունակ անտերության մեջ: Հավանաբար, եղել են նմանօրինակ ժամանակներ, սակայն, անշուշտ, այն ժամանակաշրջանում բարձրաձայնելը դառնում էր տխուր ճակատագրական, եւ լուռումունջ համակերպվելը դարձել էր սովորական երեւույթ: Այսօր, բարեբախտաբար, այլ է իրավիճակը: Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:


Թվարկենք դրանցից մի քանիսը.


1. Բանիմաց, փորձառու հեղինակ-վարողների շնորհիվ սիրված հաղորդումների անձնակազմին անփորձ ու անհասկանալի ճանապարհներով ռադիոյում պատահական հայտնվածներով փոխարինելու շարունակական իրավիճակ/արդեն յուղալի աշխատավարձերով։
2. Փոքրիշատե անուն-ազգանունով «հայտնի» անձանց՝ որպես երրորդ, չորրորդ աշխատանք, նոր գործատեղեր տրամադրելու գերառավելություն:
3. Ռադիոլսողների կողմից վաղուց ընդունված, անսպառ սեր եւ հարգանք նվաճած, նեղ մասնագիտական որակավորմամբ վաստակաշատ հմուտ հեղինակներից հրաժարվելու գործընթաց՝ զուտ յուրայինների համար հաստիքներ ապահովելու նպատակով:
4. Աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխում՝ առանց տրամաբանության եւ կանոնակարգի:
5. Ռադիո-հեռուստատեսության Հանրային խորհրդի որոշ անդամների կողմից ապօրինի ռադիո-հեռուստատեսային հաղորդումների վարձատրությունը այլ ազգանուններով:
6. Նույն Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրին ռադիոյի երկրորդ հարկում թագավորական կահավորմամբ ու մշտապես գոցված աշխատասենյակներ, որոնք տարվա մեջ բացվում են ընդամենը մի քանի անգամ: Այն դեպքում, երբ ռադիոյում հանրապետության սակավաթիվ վաստակավոր լրագրողները բացառապես զուրկ են աշխատանքային նստատեղից:
7. Առավելամեծ վեցանիշ թվերով աշխատավարձեր՝ մի քանի տեղ գրանցված, իսկ ռադիոյում անհասկանալի պաշտոններ զբաղեցնող մարդիկ:


Եվ էլի շարունակ: Մի խոսքով, Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ: Իսկ եթերը գիշեր-ցերեկ ապահովող, 24-ժամյա գրաֆիկով տեխնիկական անձնակազմը 70-ից 100 հազար նվաստացուցիչ աշխատավարձով:
Նույնը նաեւ բարձր վարկանիշով հաղորդումների ոչ «ընտրյալ» հեղինակները: Վստահաբար կարելի է փաստել, որ վաղեմի սիրելի ու փառավոր ավանդույթներով Հանրային ռադիոն կորցրել է իր հիմնական գործառույթներով դեմքը եւ վերածվել քմահաճույքների փորձադաշտի: Եվ այս ամենը վերջին մեկ տարում: Գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ իր «փափուկ բարձի» քաղաքականությամբ եւ սին խոստումներով, պարզապես բացարձակ տեղյակ չէ, անգամ դույզն-ինչ գաղափար չունի ռադիոյի այլազան օղակներում ծագող այլեւայլ հիմնախնդիրներից: Չնայած մեղադրելու էլ չէ. միշտ ու մշտապես նրա կասկածելի գործուղումները աշխարհի տարբեր ուղղություններով թույլ չեն տալիս ժամանակ առ ժամանակ մի փոքր երկար ժամանակով հանգրվանել ռադիոյում եւ առանց գոռգոռալու լսել իր գործընկերներին:


Ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց հուշ են դարձել: Ամեն ինչ թաքուն, հանկարծակի եւ անքննելի: Եվ այսպես շարունակ: Մեր համբերության բաժակը լցվեց վերջերս ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրերը՝ կրկին առանց պատճառների: Մեր կոլեկտիվը/կամ ավելի ճիշտ կլինի ասել ՝ ոչ յուրայինների ստվար մասը/ պահանջում է Մարկ Գրիգորյանի հրաժարականը:


Սա մեր բողոքի հանրայնացումն է եւ սկիզբը, քանի որ մենք պատրաստ ենք գնալ ավելի կոշտ քայլերի, ինչը հետեւանքային լուրջ ազդեցություն կունենա Հանրային ռադիոյի աշխատանքների եւ եթերի վրա: Իհարկե, կոլեկտիվի ցանկությունն է, որ հետայսու ղեկավար նշանակելիս բացառապես հաշվի առնվի հանրային ռադիոյի ներքին խոհանոցին ու բովանդակային նրբություններին քաջատեղյակ լինելը: Մենք ակնկալում ենք գիտակից, սրտացավ, աշխատանքներին լավատեղյակ նոր ղեկավար, ով կկարողանա վերականգնել Հանրային ռադիոյի աշխատունակությունը, վարկանիշը եւ նշանակությունը հայ քաղաքացու կյանքում: Առայժմ այսքանը:


Հ.Գ. Նկատի ունենալով մեզ ունկնդիր աշխարհասփյուռ հայրենակիցների նկատմամբ բոլորիս սերն ու հարգանքը եւ մեր աշխատանքային պարտավորությունները ունկնդրի հանդեպ՝ մենք առայժմ չենք դիմում կտրուկ քայլերի՝ հույս փայփայելով, որ մեր արդեն խզվող ձայնը վերջապես լսելի կդառնա:


Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ»,- ասված է նրանց հայտարարության մեջ: