26.11.2024
Մարգվելաշվիլի. Վրաստանի վարչապետ պետք է դառնա Իվանիշվիլին
prev Նախորդ նորություն

Մի՛ վախեցեք Բելառուսի ներկայացուցչից. Լուկաշենկոն զարմանում է, թե ինչու է ՀՀ-ն դեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի բելառուսցի թեկնածու: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս-Զապադ գործակալությունը: 


«Դա խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային ընտրել»,- ասել է նա ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ:


Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջեն ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին, քանի որ հենց ինքն է ներքաշել կազմակերպությունը իր ներքաղաքական խնդիրների մեջ:


«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղարի, երիտասարդ գեներալի (Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին- խմբ.): Գիտակ է, մեծ փորձ ունի, բոլոր նախագահները նրան ճանաչում են: Ես գնում եմ այդ քայլին, որպեսզի այսուհետ մենք նշանակենք գործող տաղանդավոր գեներալների, որպեսզի ցույց տանք ՀԱՊԿ-ի կարևորությունը»,- ասել է Բելառուսի նախագահը:


Նաև հիշեցրել է, որ առաջարկել է, որպեսզի Զասը այցելի ՀԱՊԿ բոլոր պետությունները, այդ թվում և Հայաստան. «Եթե դուք պատրաստ եք նրան ընդունել, լսել.... Կարող եք չհամաձայնվել (նրա թեկնածության հետ - խմբ.), կարող եք հետևել ձեր սկզբունքներին: Բայց դուք նրա հետ կզրուցեք: Հնարավոր է, ինքը ձեզ համար ավելի լավ է, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից: Մենք հարազատներ ենք»,- հավելել է Լուկաշենկոն:


Հիշեցնենք, անցած հինգշաբթի Լուկաշենկոն հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Մինչդեռ պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ հայկական դիրքորոշումը չի փոխվել և Հայաստանն ունի իր թեկնածուն, ով պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականը: