ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Տեղեկությունը հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, սակայն այլ տեղեկություններ չհայտնեց: Ավան եւ Նորք Նորքի նստավայրում այսօր սկսվել եւ հետաձգվել է միջնորդության քննարկումը:
Ինչպես գրում է ՀԺ-ն, Արմեն Գեւորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ ամենայնի, նախաքննական մարմինը որոշել փոխել նրա խափանման միջոցը, քանի որ ինչպես հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել:
Նա նշեց, որ Գեւորգյանի մեղադրանքը լրացվել է, սակայն թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը Ալեքսանյանն ասաց, որ կտեղեկացնի ավելի ուշ:
Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:
Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:
Արմեն Գեւորգյանին սպառնում է մինչ 6 տարի ազատազրկում։