VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռսեւս ԱԺ պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով եւս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար։ 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստը հենց նրա հարցով էր․Ազգային ժողովի օրակարգում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, սակայն վերջին քառօրյայում այդպես էլ քվորում չեղավ: Ըստ Սահմանադրության՝ նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, ուստի չէր կարող կալանավորվել։ Չէր կարող կալանավորվել նաեւ դեկտեմբերի 9-ից հետո, քանի դեռեւս գործում է 6-րդ գումարման Ազգային ժողովը, այսինքն՝ Արամ Հարությունյանը պատգամավոր է եւ նրա լիազորությունները չեն դադարել։ Բայց նրա տեղաշարժը, առավել եւս՝ սահմանը հատելը կարող էին կանխել, քանզի այդ քննությունը վաղուցվանից էր գնում եւ բոլորին հայտնի էր, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվելու։
Արդյո՞ք Արամ Հարությունյանը հատել է ՀՀ սահմանը․ մեզ չհաջողվեց պարզել նաեւ Ազգային անվտանգության լրատվական ծառայությունից։ Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանը, ապա ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, լսելով հարցը, թե Արամ Հարությունյանից, ինչպես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, վերցվե՞լ է արդյոք անձնագիրը, եւ բացառու՞մ են, որ նա Հայաստանը կարող է լքած լինել, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»։ Բայց մենք նախաքննության մանրամասն չէինք խնդրում, այլ այն՝ նա Հայաստանում է, թե ոչ։ Հիշեցնենք նաեւ, ԱԺ նիստից մեկ օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում լուրջ կասկածներ էր հայտնել, որ Հարությունյանը թաքնվել է արդարադատությունից, քանի որ քննիչներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ։, ուստիեւ՝ դատախազությունը հրատապ էր համարել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Ինչպես հիշում ենք, Սիլվա Համբարձումյանը մոտ մեկ ամիս առաջ մանրամասնել էր, որ պահանջված գումարը մաս-մաս փոխանցել է ոմն Սուրեն Ավագյանի միջոցով ու հավելել, որ փոխանցումներ է արել նաեւ Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, որն էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին։
Իսկ Հայաստանի այդ քաղաքացիներն են՝ Սեւանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, Արամ Հարությունյանի նախկին ենթակա, նրա սանիկ Վիկտոր Մարտիրոսյանը, երրորդը՝ ոմն Արմեն Խաչատրյան։ Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին մի քանի օր առաջ կալանավորել էին։ Ինչ վերաբերում է՝ Սուրեն Ավագյանին, նա վաղուցվանից «փախած է»։ Ինչպես հայտնեց աղբյուրը՝ պատահական չէ, որ Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, իսկ Արմեն Խաչատրյանն՝ այլեւս ոչ, քանի որ ակտիվ ցուցմունք է տվել Արամ Հարությունյանի դեմ եւ դրա դիմաց ազատ արձակվել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է։ Արտգործնախարարության կայքը հաղորդում է նախարար Զոհրաբ Մնացականյանի բարձր մակարդակի հանդիպումների մասին, սակայն լռում է չստացված հանդիպումների մասին։ Օրինակ, տեղեկատվություն կա, որ «դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ», սակայն չի ասվում, որ նախարարն ամեն ինչ արել է, որ իրեն ընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը՝ չի հաջողվել, ստիպված բավարարվել է տիկին Գոտեմոլլերի հետ հանդիպմամբ: Կամ՝ կայքում լուր կա, որ «դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ», սակայն չի ասվում, որ դեկտեմբերի 4-ին Բրյուսելում նա ամեն ինչ արել է, որ հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, չի հաջողվել, բավարարվել է տեղակալի հետ հանդիպմամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Թեեւ ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, ըստ այդմ՝ դեռեւս չի կազմավորվել օրենսդիր ու գործադիր իշխանությունները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում սպասվելիք կառավարության կառուցվածքային փոփոխություններից: Մասնավորապես, քննարկվում է առաջիկայում ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության ու գիտության, նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միացնելու հնարավորությունը: Իսկ նորաստեղծ այդ նախարարությունը ղեկավարելու է ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ նախարարությունների թվի կրճատման մասին նոյեմբերի 20-ի իր ասուլիսում խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ապագա ղեկավար կազմը կունենա հետեւյալ տեսքը՝ խորհրդարանի խոսնակ է դառնալու Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահներ կլինեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ թե ո՞վ կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, դեռ վերջնական որոշված չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ավելի են սերտացել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի որդիների հարաբերությունները: Նրանք հաճախակի հանդիպում են Աբրահամյանին պատկանող «Նացիոնալ» հյուրանոցում: Այդ հանդիպումներին ներկա է լինում նաև Աբրահամյան կրտսերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովը գլխավորելու է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, իսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կընտրվի Հովհաննես Իգիթյանը: Վերջինս խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ այդ պաշտոնին հրաժարական տալով 1998թ.»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն այս օրերին գտնվում է վերաժեւորման փուլում։ «Ի՞նչ կարիք կա թաքցնելու՝ փորձում ենք հոգեբանորեն հաղթահարել ստեղծված վիճակը, պայքարը չի դադարեցվելու, սակայն մեկ-երկու ամիս պետք է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու։ Համենայնդեպս, գարնանը զարգացումներ ենք սպասում՝ հատկապես ղարաբաղյան գործընթացում, ըստ այդմ էլ պետք է վերադասավորվենք։ Բոլոր դեպքերում 60 հազար ձայնը քիչ չէ, եւ գրագետ աշխատանքի դեպքում այն կարելի է բազմապատկել»,- ասաց ՀՀԿ անդամը։ Ասել էիք՝ գարնանը համագումար եք անելու, Սերժ Սարգսյանը հեռանալու է, Վիգեն Սարգսյանը փոխարինի նրան։ «Նախ՝ համագումարի մասին մենք խոսել ենք, եթե ընտրությունները մայիսին տեղի ունենային, հիմա համագումարի մասին խոսք չկա, էլ առավել խոսք չկա Սերժ Սարգսյանի՝ կուսակցության ղեկավարումը թողնելու մասին։ Նա ժամանակավոր պետք է «գնար» ընտրությունների նախօրյակին, բայց հիմա հասկանալի է, չէ՞, որ նա միակն է, որ կարող էր այս բարդ փուլում ղեկավարել, կոնսոլիդացնել կուսակցությունը»։ Ասում են՝ թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Աշոտյանը, Շարմազանովը, Արփինեն, էլ առավել՝ Դավիթ Հարությունյանն արդեն առաջարկներ են ստացել, որը՝ Բրյուսելից, որը՝ ԵՄ կառույցներից, որը՝ Մոսկվայից։ «Նախ՝ մի բան կուզեի ասել Դավիթ Հարությունյանի մասով․ մենք անցյալում նրան առանձնապես վստահությամբ չենք վերաբերվել, էս ընտրությունները պարզեցին, որ նա ահավոր սկզբունքային անձնավորություն է։ Որեւէ մեկը որեւէ տեղ չի գնալու․ բոլորս մնալու ենք կուսակցությունում՝ պայքարի նոր փուլն ապահովելու»։ Չե՞ք վախենում ՀՀՇ-ի ճակատագրի կրկնությունից։ «Ամենամեծ թյուրիմացությունը ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ համեմատելն է․ ՀՀՇ-ն նույնպես հեղափոխական ակունքներից եկավ, հետո հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին։ ԱՄԿ-ՀՀԿ-ն պահպանողական ակունքներում է, այսօր այդ դաշտը դատարկ է Հայաստանում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։ 2-3 սենյականոց «վիպ» համարներն են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ առաջին նիստը կգումարվի դեկտեմբերի 24-ին։ Նստաշրջանին բացման ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը: Ապա նիստը նախագահողը պաշտոնապես կհայտարարի ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները եւ կներկայացնի պատգամավորներին։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ առաջին նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որը պաշտոնավարում է մինչեւ ԱԺ նախագահի ընտրվելը: Նախորդ՝ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախագահել է քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր, անկուսակցական Կնյազ Հասանովը: Նա այս անգամ էլ «Իմ քայլով» է անցել ԱԺ եւ ընտրվածների մեջ ամենաավագն է՝ 73 տարեկան։ Եթե ինքնաբացարկ չլինի, հենց նա էլ կվարի առաջին նիստը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Ֆլեշ Բարսեղ մականունով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարսեղ Բեգլարյանի գործով դատավորը լինելու է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին՝ Դավիթ Հարությունյանը: Չի բացառվում, որ այս փաստը հիմք հանդիսանա դատավորին բացարկ հայտնելու համար. ի վերջո, դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարությունյանն անաչառ քննելու Բեգլարյանի դեմ հարուցված գործը: Արդյոք մեղադրող կողմը բացարկի միջնորդություն կներկայացնի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ հիշեցնենք, որ Բեգլարյանին մեղադրում են ինքնիրավչության մեջ, որը պատժվում է տուգանքով՝ 400-800 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
«Փաստ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես ասում են, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն հատկապես Հանրապետական կուսակցության ներսում: Խնդիրը միայն դառը հիասթափությունը չէ, որ այս ուժը խորհրդարան չի անցել: Հարցն այն է, որ մեր ունեցած տեղեկություններով, կարծիքների լուրջ բախում է եղել ընտրությունների արդյունքներն ընդունել–չընդունելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի որոշ գործողությունների հետ կապված: Իհարկե, արդեն պարզ է, որ ՀՀԿ–ականները չեն բողոքարկի: Սակայն մի քանի հանրապետականներ պնդել են, որ անհրաժեշտ է բողոքարկել արդյունքները: Բացի այն, որ նրանք որոշակի կասկածներ ունեն, միևնույն ժամանակ նրանց համոզմամբ՝ դրանով մի քանի խնդիր կլուծեն հատկապես «խոտորնակին խոտորնակ» սկզբունքով. առաջին հերթին՝ ինչպես Փաշինյանն էր իրենց հետ վարվում, այնպես էլ իրենք կվարվեն: Սակայն մեծ մասն աննպատակահարմար է գտել այս փուլում իրավիճակը սրել՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ բարդ է լինելու որոշակի փաստեր ներկայացնել, որոնք փոքրիշատե համոզիչ լինեն: Ինչպես երեկ նշել է Դավիթ Հարությունյանը, «տեղեկատվությունը բավարար ծավալ չի կազմում, որ իմաստալից դարձնի բողոքարկումը»: Մյուս կողմից, ՀՀԿ–ի մեր աղբյուրները պնդում են, որ մի շարք հանրապետականներ խուլ դժգոհություն ունեն Սերժ Սարգսյանից, ով, նրանց համոզմամբ, փաստացի տապալեց կուսակցությունը՝ ապրիլին առաջադրվելով որպես ՀՀ վարչապետ, այս ընտրություններին էլ ցուցակի մեջ միանձնյա որոշմամբ ընդգրկելով Դավիթ Շահնազարյանին ու Արտաշես Գեղամյանին, ավելին՝ նրանց ակտիվորեն ներգրավելով քարոզարշավի մեջ: Այնպես որ, չի բացառվում՝ առաջիկայում իսկապես դրվի կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը»: