Առաջիկա տասնամյակներին Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Հարությունյան
Օրեր առաջ Թարթառ գետի վրա շահագործման է հանձնվել հերթական փոքր ՀԷԿ-ը: Այս մասին հիշեցնում է Արցախի նախկին վարչապետ, Բակո Սահակյանի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:
Facebookի իր էջում նա անդրադարձել է հեդրոէներգետիկային, ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությամբ:
«Առիթ եմ ունեցել նշելու, որ եվրոպական երկրները ներկայում հստակ քաղաքականություն են իրականացնում առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում աստիճանաբար ածխաջրածնային շարժիչային վառելիքներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հրաժարվելու նպատակով և որպես այլընտրանք՝ տարեցտարի մեծացնում են կանաչ էներգիայի արտադրության ծավալները:
Գնահատելով այս առումով մեր երկրի ունեցած էներգետիկ ներուժը՝ շաբաթներ առաջ հայտարարել եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մինչև 1 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն կունենանք: Եվ դա պետք է անենք ոչ միայն էլեկտրաէներգիայի ավելցուկը արտահանելու, այլև ածխաջրածնային շարժիչային վառելիքներից ամբողջությամբ հրաժարվելու նպատակով: Եվ այսօր ուզում եմ հայտարարել, որ առաջիկա մոտ երեք տասնամյակների ընթացքում մեր երկիրը ևս լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ), և տրանսպորտային միջոցները կշահագործվեն միայն էլեկտրաէներգիայով: Ու դրան հասնելու համար պետք է հավատ և վստահություն, ինչպես եղավ Արցախը էներգետիկ առումով ինքնաբավ դարձնելու ծրագիրն իրագործելիս: (Տասը տարի առաջ էլ թերահավատների պակաս չկար…):
Արդյունքում մենք կախված չենք լինի դրսի էներգակիրներից, և միջազգային շուկայում պարբերաբար արձանագրվող նավթի և գազի գների տատանումները բացասաբար չեն ազդի մեր բնակչության և տնտեսության ֆինանսական ռեսուրսների վրա:
Ի դեպ, տեղին եմ համարում խոսել նաև մի մտահոգության մասին, որը կապված է մեր երկրում հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ՝ բնապահպանական հնարավոր խնդրիների հետ: Այստեղ, միանշանակ, անհրաժեշտ է լինել անզիջում և խնդիրները կանխարգելել կամ նվազագույնի հասցնել՝ մեծացնելով վերահսկողական մեխանիզմները: Մարդկային գործոնի ազդեցությունը սեփական բնաշխարհի և բարիքների նկատմամբ պետք է պայմանավորված լինի ոչ միայն քաղվող արդյունքով, այլ նաև այն իրողությամբ, թե ինչպիսի երկիր ենք ժառանգություն թողնելու մեր սերունդներին»,- գրել է նա: