Թրամփը լրջորեն վախենում է իրեն իմփիչմենթ հայտարարելու հնարավորությունից. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականների հետ զրույցներում երկյուղ է հայտնում իրեն իմփիչմենթ հայտարարելու հնարավորության վերաբերյալ, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաջորդ տարի անցնի դեմոկրատների վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին:
CNN-ի տեղեկություններով՝ Թրամփը հրապարակավ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ դեմոկրատները, որոնք արդեն հունվարին վերահսկողություն կունենան Կոնգրեսի ստորին պալատում, կգործարկեն նախագահի իմփիչմենթի ընթացակարգը: Ըստ աղբյուրի՝ Թրամփը կարծում է, որ իմփիչմենթն «իսկապես հնարավոր» է, սակայն այդ հարցում բացարձակ վստահություն չունի:
Կիրակի Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական կոմիտեի անդամ Ջերոլդ Նադլերը CNN-ին ասել էր, որ օրենսդիրներն իրավասու են սկսելու նախագահի իմփիչմենթի գործընթաց, եթե ապացուցվի, որ նա անձամբ է կարգադրել իր՝ արդեն նախկին իրավաբան Մայքլ Քոենին վճարել 2 կանանց՝ Թրամփի հետ ինտիմ կապերի մասին լռելու դիմաց: Խոսքը նախկին պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդի եւ նախկին ֆոտոմոդել Կարեն Մաքդուգալի մասին է, որոնք նման պնդումներ էին կատարել այս տարի ավելի վաղ: