23.11.2024
ՀՀ քաղաքացիները ձեւավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը»՝ 70,4%, ԲՀԿ՝ 8,3%, ԼՀԿ՝ 6,3%. ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է բոլոր 2010 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, համաձայն որոնց իշխող «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը բացարձակ առաջատարն է: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների 70,4%-ը (884 456 քվե):


ՀՀ քաղաքացիները ձեւավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն: Այսպես էր մեկնաբանել քվեարկության նախնական արդյունքները “Իմ քայլը” դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մեծամասնությունն ԱԺ-ում որեւէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, նաեւ կունենա սահմանադրական մեծամասնություն:


Ըստ ԿԸՀ տվյալների, Ազգային ժողով անցնելու պատնեշը հաղթահարել եւ առաջին եռյակում են հայտնվել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ ստանալով համապատասխանաբար 8,3% եւ 6,3% ( 80 024 քվե): Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը ամենայն հավանականությամբ ներկայացված չի լինի Ազգային ժողովում. կուսակցությունը ստացել է ձայների 4,7%-ը՝ չհաղթահարելով ԱԺ անցնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը: Նույն ճակատագրին են արժանացել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝ ստանալով 3,89% քվե:


Ընտրություններին մասնակից մնացած քաղաքական ուժերի ստացած ձայները չեն անցնում 3%-ի սահմանագիծը: Հատկանշական է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի շրջադարձային՝ Ռուսաստանից դեպի Արեւմուտք փոփոխություն առաջարկող քաղաքական ուժերը՝ «Մենք» կուսացությունների դաշինքը եւ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ստացել են համապատասխանաբար քվեների 2% եւ 1,82%-ը:


Ըստ ԿԸՀ տվյալների, խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, մասնակցել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների 48.63 տոկոսը: Նկատենք, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 574 947 մարդ կամ ընտրողների 60.86 տոկոսը:


Անդրադառնալով ընտրություններում ցածր մասնակցությանը՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Իսկ որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե Հայաստանում այսօր քանի ընտրող կա: 1991 թվականի ՀՀ բոլոր քաղաքացիները ընդգրկված են ընտորղների ցուցակում: Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը եւ տեսնենք, թե ընտրություններից հետո ինչ են ասում ընդդիմությունը, քաղհասարակությունն ու ինչ են գրում լրագրողները»: