23.11.2024
Շուրջ 134 ընտրատեղամասերի արդյունքները պարզ է. բացարձակ առաջարատն «Իմ քայլն» է
prev Նախորդ նորություն

Մտածիր հետո խոսիր. Ռոբերտ Քոչարյանի որդին պատասխանել է Սերժ Թանկյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն, արձագանքել է «System of a down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի գրառմանը։


«Սերժ,


Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ:


Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաեւ Ցեղասպանության ճանաչման համար եւ պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք ի դեպ ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր:


Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով՝ հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները եւ սպառնալիքները իշխանությունների կողմից:


Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու եւ տարբեր հարցեր շոշափելու, նաեւ քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության եւ ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» եւ մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել եւ տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես:


Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել եւ հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից:


Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ եւս ասելիք կունենաս», - գրել է Լեւոն Քոչարյանը։


Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հայտարարել էր,որ ուրախ է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ։


«Հպարտ եմ Հայաստանի իմ եղբայրներով և քույրերով, որոնք պետք է գնան ընտրության՝ քվերակելու նոր խորհրդարանի համար, որը տարեսկզբին ազատագրվեց անարդար, կոռումպացված ռեժիմից։ Ես բարկանում եմ, որ 20 տարի երկիրը թալանելուց հետո ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է։ Ես ուրախ եմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է բանտ», - գրել է Թանկյանը։


Նրա խոսքով, Հայաստանի ժողովուրդն ուզում է և արժանի է նախկին անարդարություններից հետո արդարության, և պետք է պատասխանատվություն ստանձնի բոլորի համար:


«Նախագահները, որոնք միլիարդատեր են դարձել՝ օգտագործելով իրենց պաշտոնը, կոռումպացված են։ Հայաստանի թավշյա հեղափոխությունը և նոր ուղին օրինակ են, թե ինչպես երկիրը կարող է խաղաղ ճանապարհով անցնել առաջադեմ հասարակության։ Դեռ շատ անելիքներ կան, հատկապես տնտեսական առումով, բայց կարևորն այն է, որ մարդիկ սթափ են և ունեն դրա իրավունքը», - նկատել է նա: