24.11.2024
Ոստիկանությունը NEWS.am-ի խմբագրությունում է
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել. Քոչարյան

Պարզից էլ պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգություններ գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից եւ ինձ մեղավոր նշանակել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Հայտարարությունում, որն ընթերցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ:


Ակնհայտ է, որ այս վճիռը նախ եւ առաջ քաղաքական որոշման արդյունք է եւ կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների արդյունքում: Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է: Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը:


Ես եւ թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ եւ իմ ընտանիքի հանդեպ: Դա ապացուցեցին նաեւ տխրահռչակ ձայնագրությունները: Անցածս ուղին կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում եւ արտերկրում, ինչպես նաեւ քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին:


Պարզից էլ պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգություններ գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից եւ ինձ մեղավոր նշանակել:


Վստահ եմ, որ վղ թե ուշ հասնելու եմ ազատության: Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը: Վստահ եմ նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունը ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված լկտի եւ ապօրինի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ եւ դա լինելու է մոտ ապագայում:


Լի եմ պատրաստակամությամբ շարունակելու քաղաքական պայքարը նաեւ բանտում: Իշխանությունները եւ նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը: Ես սովոր եմ ծանր փորձությունների, եւ տեղի ունեցողը հերթական փորձություն եմ համարում: Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության եւ արժանապատվության»: