VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղ-Հայաստան վերջերս թեժացած դիսկուրսից հետո Ղարաբաղ է մեկնել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցելու ՀՀ իշխանության ուղերձները, որ իրենք կատեգորիկ դեմ են Հայաստան-Ղարաբաղ լարվածությանը։ Ղարաբաղում պատասխանել են․ «Երբ ասվում է՝ սերմացու ուտող մկների պես, պետք է անվանական ներկայացնել՝ կոնկրետ ում նկատի ունի, այլապես ողջ գեներալիտետն ու բանակն են տուժում»։ Ասվել է՝ ձեզ նկատի չի ունեցել Փաշինյանը։ Ի դեպ, Ղարաբաղ՝ իրենց գյուղ է գնացել նաեւ Արմեն Գրիգորյանի քեռին՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, այժմ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին հատկապես լրագրողները շատ են ցանկանում տեսնել ապագա խորհրդարանում: Սա մեկ պարզ պատճառով՝ պարոն Սահակյանի հարցազրույցները միշտ ինքնատիպ են ստացվում: Բայց նա չկա ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների մեջ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահակյանը մեկնաբանել է. «Ես ԱԺ նախագահ եմ եղել եւ չեմ կարծում, որ կուսակցական աշխատանքը պետք է թողնեմ եւ զբաղվեմ ընդդիմության գործունեությամբ»: «Քանի որ ՀՀԿ-ն հիմա իշխանություն չէ, Դուք չեք ուզում ընդդիմադիր պատգամավոր լինել» հարցին նա պատասխանել է. «Ես ոչ թե ընդդիմադիր պատգամավոր եմ, այլ իմ բնույթն է ընդդիմադիր»: Իսկ ՀՀԿ-ն մի օր կվերդարձնի՞ իշխանությունը, ետ կգա՞ իշխանության: Գ. Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ի խնդիրը իշխանության գալը չէ: ՀՀԿ-ի խնդիրն է ունենալ այն պետությունը, որը երազել են մեր պապերը: Իշխանությունը անընդհատ կարող է փոփոխվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկինում ՀՀ-ում անցկացված ընտրություններում «մեծ դերակատարություն» ունեցած խավը՝ «տասովչիկները», կրիմինալը, թաղային խուժանը, այս օրերին մնացել է անտեր եւ օտարվել իր հին զբաղմունքից՝ ԱԺ արտահերթ ընտրությունները «կազմակերպելու» գործընթացից: Ավելին` հիմա նրանք նոր «տեր են» որոնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատում: Բանն այն է, որ նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը, ով է իրենց տարբեր հարթություններում լինելու երաշխավոր: Եւ դրա համար նրանք հատկապես «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորության թեկնածուներին առաջարկում են իրենց ծառայությունները՝ ապահովագրելով ապագան: Սակայն նույն աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ պարզապես մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին»` արգելելով անգամ մտնել շտաբներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Ի դեպ, այդ հայտարարութունից հետո Հարությունյանն այլեւս ԱԺ-ում չի երեւացել: Ամիսներ անց մեր հրապարակած տեղեկությունները հաստատվեցին: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար համաձայնություն ստանալու համար: Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով կան նաեւ կալանավորվածներ. գործարար Սիլվա Համբարձումյանն այս գործով ցուցմունք է տվել, որ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին, եւ հիմա նրանք կալանավորված են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան, օրակարգում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Նրան մեղադրանք է առաջադրվել 14 մլն դոլար կաշառք վերցնելու համար: Սա այն «դարի հանցագործությունն» է, որի մասին մոտ մեկ ամիս առաջ՝ իր «չընտրության» օրը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Սակայն չի բացառվում, որ նստաշրջանը տեղի չունենա, եւ Հարությունյանի ձերբակալության հարցը մի քանի շաբաթ առկախվի, քանի որ վերջին նիստերին, որպես կանոն, քվորում չի ապահովվում։ ԱԺ խմբակցությունները դեռեւս անցած քառօրյային դիմել էին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ քարոզարշավով պայմանավորված՝ իրենց բացակայությունները հարգելի համարվեն: ԱԺ աշխատակազմից մեզ հայտնեցին, որ պատգամավորների առաջարկը Բաբլոյանը բավարարել է: Սա նշանակում է, որ պատգամավորները եւ հատկապես ՀՀԿ-ականները այսօր չեն ներկայանա նիստին, որոշ ԲՀԿ-ականներ երեկ ֆեյսբուքյան իրենց էջերում շտապեցին ներկայացնել այսօրվա նախընտրական հանդիպումների գրաֆիկը, որոնց մեջ ԱԺ ներկայանալը պլանավորված չէ։ Ազգային ժողովի խորհրդի երեկվա նիստը նույնպես չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով: Մեր տեղեկություններով՝ խորհրդի նիստին ներկայացել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը եւ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Մինչդեռ խորհրդի նիստին ի պաշտոնե պետք է մասնակցի ԱԺ ղեկավարությունը՝ խոսնակ, փոխխոսնակներ, խմբակցության ղեկավարներ եւ մշտական հանձնաժողովների նախագահներ։ ՔՊ անդամ Հովիկ Աղազարյանը մեզ հայտնեց, որ «ՔՊ-ականները ներկայանալու են ԱԺ նիստին եւ գրանցվեն այդ հարցի քննարկմանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչեւ 2019թ․ նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով։ Ի՞նչ է դա նշանակում՝ հարցրինք ԱԳՆ աղբյուրին։ «Այսինքն, կարող ես հարցը լուծել ՀԱՊԿ նիստերի միջեւ ընկած շրջանում։ Իսկ նիստերը տեղի են ունենում կես տարին մեկ։ Շատ հարցեր լուծվում են այդ կարգով՝ աշխատանքային նախագծերն ուղարկվում են անդամ երկրների նախագահներին՝ հաստատման, որից հետո, առանց նիստի, կոնսենսուսով ընդունվում են։ Այդպես եղավ նաեւ Խաչատուրովի ազատման դեպքում․ հարցը լուծվեց աշխատանքային կարգով»։ Իսկ եթե նախագահներից մեկը, ասենք՝ Բելառուսը, չի համաձայնում նախագծի հե՞տ։ «Տեղեկացնում է իր անհամաձայնության մասին՝ կրկին նամակով»։ Աշխատանքային քննարկումներով կընտրվի՞ նոր ՀԱՊԿ քարտուղար։ «Դժվար է ասել։ Հստակ է մի բան՝ այս իրավիճակն ազդում է ՀԱՊԿ իմիջի վրա, ինչը Ռուսաստանի շահերից չի բխում, եւ կարծես հարցի լուծումը Պուտինը վերցրել է իր ձեռքը։ Դա է ապացուցում նրա զանգը Փաշինյանին»։ Իսկ ամսի 6-ին Փաշինյանը պատասխանատվություն կպահանջի՞ Լուկաշենկոյից, ինչպես խոստացել է, թե՞ դա էլ կլինի «աշխատանքային կարգով»։ «Կարծում եմ՝ խնդիրը կքննարկվի ԵՏՄ-ում, սակայն այլ ֆորմատով՝ ընթրիքի ժամանակ»։ Ի դեպ, մեկ այլ աղբյուր պնդում է, որ ընթրիքների ժամանակ ԵՏՄ «օբշչեստվան» այլեւս առաջվա պես Փաշինյանի ներկայությամբ ամեն ինչ չի քննարկում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սոչիում ԵՏՄ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը բարձրացրել է հայ վարորդների՝ Ռուսաստանում մեքենա վարելու թույլտվության հարցը։ Պուտինը շատ ուղիղ նրան ասել է՝ ընդունեք ռուսաց լեզուն որպես երկրորդ լեզու, ու՝ ոչ մի խնդիր։ Հանդիպմանը մասնակցող, Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանն անմիջապես արձագաքնել է. «Նման հարցադրում դրվել չի կարող, հարցը մեզանում մեկընդմիշտ փակված է»։ Ըստ ռուսաստանյան մեր աղբյուրների, հանդիպումից հետո, երբ Պուտինը մնացել է իր թիմի հետ, Արսեն Խառատյանի մասին ասել է. «Մեջներից կարգին տղան էդ էր»։ Ասում են՝ արդեն «վտարանդի» Խառատյանը, որն օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը վարողներից էր. ըստ տեղյակների՝ հենց Ռուսաստանի հորդորով է ազատվել պաշտոնից՝ ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովի «գործի» հետ կապված»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Արդշինինվեստ» բանկի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ ակտիվորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավում: Մասնավորապես՝ բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Սասուն Սեդրակյանը անձամբ է զբաղվում ՀՀԿ-ից առաջադրված, Արմավիրի նախկին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի քարոզարշավով՝ փակցնելով նրա մեծադիր գովազդային պաստառը: Վրդովված էջմիածինցիները տոմատի բանկայով հարվածել են պաստառին՝ այն ներկելով կարմիրով: Հիշեցնենք, որ «Արդշինինվեստ» բանկը կապվում է 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի հետ»:
«Իրատես» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում վարկանիշային թեկնածուներ առաջադրելու համար մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել: «Իրատեսի» հետ զրույցում կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ տարածաշրջանում համբավ ու ռեսուրսներ ունեցող անհատներին առաջարկվել է ԲՀԿ-ի ցուցակում ներառվել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այդ մարդկանց թվում Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանն է եղել նաեւ, որը մերժել է առաջարկը: Ի դեպ, վերջինս նախորդ ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ-ի ցուցակով: Հանրապետականամերձ օղակներից միայն Մեջլումյանին չէ, որ ԲՀԿ-ն առաջարկություն է արել: «Հայտնի ՀՀԿ-ականներից մեկի սանիկին ԲՀԿ-ն ներառել է իր ցանկում՝ հստակ իմանալով, որ այդ տարածաշրջանում վերջինս իր իսկ կնքահոր հետ չի կարողանա պայքարել: Վանաձորում էլ, օրինակ, Ռուսաստանից են հետ կանչել իրենց նախկին անդամներին ու համակիրներին եւ հորդորել կիրառել նախկինում ունեցած կապերը, ձայն բերել»,- ասաց մեր զրուցակիցը: Վերջինս ասաց նաեւ, որ նույն պատկերն է նաեւ Շիրակում: «Այն մարդիկ, որ գաղափարական ընդգծված կեցվածք չունեն, բայց «եղանակ փոխող են», համաձայնել են ԲՀԿ-ի առաջարկին ու թեւերը քշտած գործի լծվել: Թե ինչ ներքին պայմանավորվածություն կա, ոչ ոք չգիտի, բայց գիտենք, որ հնարավոր բոլոր «ազդեցիկ» ռեյտինգայիններին ԲՀԿ-ն փորձել է իրենով անել»,- վստահեցրեց մեր աղբյուրը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր մոտ է կանչում գյուղապետերին և հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին: Սանոսյանը իր գործունեության մեջ եզակի չէ. նման ահազանգեր ենք ստանում Հայաստանի գրեթե բոլոր համայնքներից: Գյուղապետերը ստիպված են աշխատել իշխանության կուսակցության թեկնածուների համար, որովհետև նրանց սպառնում են, որ եթե գյուղում ուրիշ կուսակցություն հաղթի, գյուղապետին ստիպելու են հրաժարական տալ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 550 000 ՀՀ դրամ և 4500 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 4 860 158 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Հրաչյա Սարգսյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29-ին: Մինչ առաջին փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելը, նա 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ»: