Կրքերը Համազգային թատրոնի շուրջ չեն հանդարտվում:
Եթե օրեր շարունակ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական նոր ղեկավար Սուրեն Շահվերդյանին մեղադրում էին, թե վերջինս պատրաստ չէ բանակցել գործադուլ հայտարարած դերասանների հետ և փոխզիջումների ճանապարհով լուծում տալ թատրոնում ստեղծված բարդ իրավիճակին, ապա այսօր, Շահվերդյանի կողմից տարածված հայտարարությունից հետո, այս պատմության նրբերանգները փոքր-ինչ փոխվել են: Կողքից իրավիճակին հետևողներին անշուշտ կհետաքրքրի՝ ինչո՞ւ է թատրոնի դերասանական կազմը շարունակում գործադուլը, եթե գեղարվեստական նոր ղեկավարը պատրաստ է իրենց իսկ կողմից բարձրացված հարցերի շուրջ բանակցել և ոչ թե միանձնյա որոշումներ կայացնել: Պատրաստ է նաև ֆինանսավորում բերել թատրոն՝ այս եղանակով ևս որոշ խնդիրների՝ բավականին զգալի, լուծում տալով:
VERELQ-ը զրուցեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ՝ հասկանալու ի՞նչ արձագանք եղավ իր հայտարարությանը և ինչպիսի հանգուցալուծում է նա կանխատեսում:
-Պարոն Շահվերդյան, Ձեր հայտարարությունից հետո որևէ արձագանք, բանակցելու պատրաստակամություն կա՞, թե գործադուլը շարունակվում է:
-Դեռ իմ «քայլ անենք միասին» առաջարկին պատասխան չկա և շարունակում են լռել, ինչի համար ցավում եմ: Լռում են նաև այլ հարցերի հետ կապված, թեև դա խնդիրներն են, որ իրենք բարձրացրել են և ես դրանցից որոշներին անդրադարձել եմ ու խոստացել եմ հրատապ լուծում տալ: Օրինակ, ճեմասրահում նկարների, Սոս Սարգսյանի նկարի, գովազդային պաստառների վերաբերյալ և այլնի մասով, նույնիսկ դրան չեն արձագանքել մինչև այս պահը: Բայց ես հույսս չեմ կորցնում, մտածում եմ, որ խոհեմ առաջարկ է և եթե իրենց իսկապես անհանգստացնում են այս հարցերը և հրատապ ու կարևոր են թատրոնի համար, ապա սիրով և՛ ես, և՛ պարոն Չալդրանյանը պատրաստ ենք բանակցել և դրական լուծումներ տալ: Այսուհետև որոշ խնդիրների համար պատասխան եմ տալիս ես և կարծում եմ, որ այդ բարձրացրած խնդիրներն այս պահից վերաբերում են ինձ և ես դրանց անպայման լուծում կտամ:
-Որքանո՞վ է տուժել թատրոնի բնականոն գործունեությունը գործադուլի և ստեղծված իրավիճակի պատճառով և որքա՞ն եք Դուք պատրաստ սպասել:
-Թատրոնը դեկտեմբեր ամսին ներկայացում չունի պլանավորած, պլանավորած են միայն փորձեր: Այո, փորձերը իսկապես տուժում են, այդ իրավիճակը նոյեմբերի 13-ից է սկսվել՝ հրավիրված ռեժիսոր կա, ով ներկայացում պետք է բեմադրի, նրանք տապալում են այդ ռեժիսորի գործունեությունը: Ես մեկ բան չեմ հասկանում. խղճի առաջ պետք է իսկապես ազնիվ լինել և եթե գործադուլ են անում, ապա պետք է երևի թե գալ թատրոն և թատրոնում գործադուլ անել, բայց ես տեսնում եմ, որ դերասանները շարունակում են նկարահանվել սերիալներում, մյուս թատրոններում են զբաղված: Այսինքն, գուցե ոմանց համար այս իրավիճակը և ձեռնտու է՝ «այնտեղ շարունակենք այս վիճակը պահել, բայց մյուս գործերը հասցնենք անել»: Սա, ինձ թվում է, այնքան էլ արդար չէ:
-Սադրա՞նք է:
-Իրականում ես չեմ ցանկանում որևէ գնահատական տալ, թե ինչ է դա, բայց ես տեսնում եմ, որ դերասաններից ոմանք շարունակում են աշխատել այնպես, ինչպես աշխատել են մյուս տեղերում: Գործադուլ նշանակում է, որ հրաժարվում ես աշխատել, ճի՞շտ է, բայց ստացվում է, որ իրենք հրաժարվում են աշխատել Համազգային թատրոնում և հասցնում են անել բոլոր գործերը՝ փորձերը, նկարահանումները և այլն: Ցավով եմ նշում, բայց ստացվում է, որ շատերին այս իրավիճակը նաև ձեռնտու է՝ որքան շարունակվի, այնքան լավ:
Բոլոր թատրոններում այս խնդիրը կա՝ փորձերը ձախողվում են, որովհետև դերասանները զբաղված են մեկ այլ գործով: Դա, իհարկե, իր պատճառներն ունի, դերասանները չեն կարող միայն թատրոնի աշխատավարձով ընտանիք պահել և ես դա շատ լավ գիտակցում ու հասկանում եմ, բայց ես կարծում եմ, որ արդար է և ազնիվ, որ գործադուլի ժամին նրանք գտնվեն թատրոնում ու թող գործ չանեն, քանի որ գործադուլ է, բայց լինեն այստեղ:
-Նպատակըպարզ է՝ այնպես անել, որպեսզի Դուք հեռանաք:
-Այո, այդպես է ստացվում:
-Բայց կհեռանա՞ք:
-Ինձ այսօր արդեն այդ հարցը տվել են, թե եթե թատրոնի դերասանական խումբը երկար ժամանակ շարունակի այսպես իրեն պահել և բոլոր իմ առաջարկները չընդունի, ապա ի՞նչ…. Ես շատ խոհեմ առաջարկներ եմ արել և անում եմ դրանք: Թատրոնի գերնպատակը արտադրանք տալն է՝ ներկայացում խաղալը, ներկայացումը բեմադրելը, նոր ներկայացում ստեղծելը: Եթե իրենք իսկապես մտածում են թատրոնի ապագայի մասին և ցանկանում են, որպեսզի թատրոնը լինի և լինի բարձունքում, ես առաջարկում եմ աշխատել: Ավելին, ես ինքս եմ ստեղծում այն մարդու համար պայմաններ, ում հետ թատերախումբն ուզում է աշխատել, ընդ որում՝ բոլոր պայմանները: Համազգային թատրոնն այսօր աղքատության մեջ է, այնտեղ լուրջ ֆինանսական խնդիրներ կան, բայց ես առաջարկում եմ, որ ես ինքս առաջինը ներկայացում չեմ բեմադրի ստեղծված իրավիճակից ելնելով, այլ հնարավորություն եմ տալիս Նարինե Գրիգորյանին, ում հետ համախմբվել է դերասանական խումբը, ներկայացում բեմադրել և դրանով իսկ ապացուցել, որ իրենք մտածում են Համազգայինի ապագայի մասին:
-Այսօրվա Ձեր հայտարարությունից հետո Ձեզ մեղադրել, թե փոխզիջումների չեք գնում և պատրաստ չեք գնալ դժվար է:
-Թող որևիցէ մի թատրոնի ղեկավար նույն առաջարկն ինձ անի այս պահին: Ես նորից կրկնում եմ՝ բոլոր հնարավորությունները ստեղծում եմ, գումարի խնդիր չկա, հովանավորներ եմ բերում և բոլոր հարցերը պատրաստ եմ քննարկել: Ցանկանո՞ւմ եք աշխատել, ցանկանո՞ւմ եք ստեղծել ներկայացում՝ ես դա անում եմ, որպեսզի վստահաբար համոզված լինեն բոլորը, որ սա դիրքի, պաշտոնի, աթոռի պատերազմ չէ: Ցանկանո՞ւմ եք, որ Սոս Սարգսյանի նկարը լինի՝ եկեք քննարկենք, թե ինչ ձևաչափով անենք, որ գեղեցիկ լինի: Ցանկանո՞ւմ եք, որ ձեր նկարները լինեն՝ դեմ չեմ, ուղղակի եկեք հասկանանք այդ հարցի հետ կապված տեխնիկական պահերը: Այս բոլորը մեկ-երկու ժամում կարելի է լուծել, միայն եթե ցանկություն լինի դրանք իսկապես լուծել:
-Այլ կերպ ասած՝ դեռ սպասում եք իրենց արձագանքին:
-Այո, ես սպասում եմ և կարծում եմ ու վստահ, որ եթե իսկապես մտածում են թատրոնի ապագայի մասին, ապա կընդունեն այն քայլերը, այն, ինչ առաջարկում եմ: Եթե ոչ, ապա այստեղ մեկնաբանությունները ես չէ, որ պետք է տամ, և ուրեմն դա ուրիշ պատերազմ է:
Լիա Խոջոյան