25.11.2024
«Սասնա Ծռեր»-ը միացան ՔՈ-ի՝ սահմանադրությունը փոխելու առաջարկին. Փաշինյանն այլ կարծիքի է
prev Նախորդ նորություն

Բնապահպանության նախկին նախարարին կձերբակալե՞ն. Փաշինյանը մտավախություն ունի

«Իմ քայլի» ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազության՝ է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:


Նա Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարարն է, որը կասկածվում է 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: «Սա ապացույցն է այն բանի, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լինելու ենք հետեւողական, այս գործի օրինակով ներկայացնում ենք, թե ինչու է կոռուպցիայի դեմ պայքարը երկար տեւում: Այս գործի վերաբերյալ քաղաքացին հաղորդում տվել է 4 ամիս առաջ. այդ գործողությունները, ըստ քրեական գործի նյութերի, կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով եւ գործը չէր կարող շարունակվել, քանի դեռ այդ բանկերից մեկից պատասխան չէր ստացվել ԱԳՆ-ի ուղարկած հարցմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատարն Արարտի մարզում նշել է, որ այդ փաստաթղթի պատճառով քննչական մարմինները սպասել են 4-5 ամիս, թեեւ բուն գործի համար անհրաժեշտ է եղել մոտ 10 օր. «Քննչական մարմիններն այդ փաստաթղթերը ոչ պաշտոնապես ունեին, բայց քանի դեռ այդ պատասխանը պաշտոնական չէ, չի կարող որեւէ մեկին որեւէ մեղադրանք առաջադրել»:


Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառուպցիայի դեմ պայքարում որեւէ համաձայնություն չի լինելու եւ իրենք ժողովրդի մեջքի հետեւում որեւէ մեկի հետ գործարք չեն անելու: «Այսօր դատական համակարգը գործում է կառավարությունից անկախ, բայց մենք ունենք երաշխիքներ, որ այս համակարգը գործում է նախկին իշխանություններից, տերերից անկախ: Այդ պաշտոնյաների 90 տոկոսը նշանակված էին նախորդ իշխանությունների կողմից», - ասել է նա:


Շաբաթներ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը  հայտարարել էր, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ-ի հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին:


«8 միլիոնը փոխանցել եմ Դուբայի իր ներկայացրած հաշվին, և 6 միլիոնը կանխիկ մաս-մաս տվել եմ Ավագյան Սուրենի միջոցով: Արամ Հարությունյանի հետ ես 2007 թվականին շփվել էի և իրենից գնել էի երեք կազմակերպություն: Հետո, երբ որ ես հանքերի անուններ տվեցի, ինձ ասեց, որ՝ էսինչ մարդը էս գումարն ա տալիս, էսինչ մարդը էս գումարն ա առաջարկել, ես ասեցի՝ քո վերջի թիվը ասա, նա էլ ասեց՝ 14 միլիոն: Տվեց Արաքս Դիլանյանի հաշվի համարը, և ես փետրվարի 2-ին 2008 թվականի այդ գումարը փոխանցեցի», - ասել էր Համբարձումյանը:


Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մտավախություն կա, որ վաղն ԱԺ-ում քվորում չի լինելու: «Կարող է այդպիսի բան լինել, որովհետեւ Արամ Հարությունյանի խմբակցությունը խորհրդարանի մեծամասնությունն է եւ նրանք կարող են բոյկոտել, չներկայանալ կամ չքվեարկել: Ես հույս ունեմ, որ բոլոր պատգամավորները կներկայանան Ազգային ժողով եւ կմասնակցեն այդ հարցի քննությանը, համենայնդեպս մեր կուսակցությունը ներկայացողները կգրանցվեն: Ես հույս ունեմ, որ բոլորը կմասնակցեն կոռուպցիայի դեմ պայքարին, բայց եթե չգան, ապա մյուս Ազգային ժողովն այդ հարցին կանդրադառնա»:


ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արդեն իսկ հաստատել է, որ ստացել է ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունը, սակայն թե երբ կքննարկվի այն ԱԺ-ում դեռեւս չի նշվում: Արամ Հարությունըը եւս դեռեւս չի մեկնաբանել դատախազության միջնորդությունը:


Քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում իրենց կառավարությունը բանակի համար ծախսելու է հավելյալ 2,5 միլիարդ դոլար եւ այդ գումարը պետք է վճարեն ժողովրդին հայտնի կոռուպցիայի մեջ թաթախված անձիք: «Եթե նրանք դա կանեն կամավոր, ապա մենք հաշվի կառնենք, որ դա արել են կամավոր»: