«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը միանում է «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ս.թ. դեկտեմբերի 9-ի՝ ԱԺ-ում հայտնվելու պարագայում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ առաջարկությանը։ Այս մասին հայտնում են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մամուլի ծառայությունից:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք նոր սահմանադրության ընդունման գործընթաց։
Ստորև ներկայացնում ենք համաձայնագրի տեքստը և առաջարկում քաղաքական ուժերին միանալ դրան․
«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը, համարում ենք, որ գործող Սահմանադրությունը․
1. ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում, կեղծվել է հանրաքվեի արդյունքները և հասարակական լայն համաձայնության արտահայտություն չէ,
2. այն ձևավորվել է նախորդ քաղաքական համակարգը վերարտադրելու և պետական իշխանությունը սահմանադրության մակարդակով ուզուրպացնելու համար,
3. դելեգետիմ Սահմանադրության պայմաններում ներկա հանրային հարաբերությունները, համակեցության հավաքական կանոնները և արժեքները ընդունելի չեն բոլորի համար, միմյանց հետ հարաբերվելու քաղաքացիական սկզբունքները համաձայնեցված չեն, որը ապագայում տեղիք է տալու բազմաթիվ հակասությունների ու ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ։
Գիտակցելով մեր պարտքը և հանձնառությունը Հայաստանի ժողովրդի առաջ ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ու հանրային համերաշխության վրա հիմնված սահմանադրական կարգ հաստատելու գործում՝ գալիս ենք փոխադարձ համաձայնության առ այն, որ ընտրվելու և ԱԺ-ում հայտնվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք հասարակական լայն և ներառողական մասնակցության և համաձայնության վրա հիմնված նոր սահմանադրություն ձևավորելու և ընդունելու գործընթաց»։
Ավելի վաղ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում, խոսելով հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին, նախ ասել էր, որ կաշկանդված չեն երկրի գլխավոր օրենքում փոփոխություն անելու հարցում, սակայն հավելել էր, որ նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին ոչինչ չեն գրել, որովհետև «ամեն ընտրությունից հետո Սահմանադրություն չեն փոխում, 7 ամսվա Սահմանադրությունը պետք է թողնել՝ մի քիչ աշխատի»: