Ջավախքում Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահության հետ կապված դրական սպասումներ կան. Սանոսյան
Վրաստանի նախագահի պաշտոնը նոմինալ պաշտոն է, բայց Ջավախքում լավատեսորեն են տրամադրված և ակնկալում են, որ հայ-վրացական հարաբերությունները Սալոմ Զուրաբիշվիլիի օրոք ավելի կխորանան, իսկ Ջավախքի խնդիրները կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, պատգամավորի թեկնածու Հայկ Սանոսյանը:
Նրա խոսքով, աբանդաբար Ջավախքի քվեն մեծամասամբ ստացել են իշխանության թեկնածուները՝ այն ակնկալիքով, որ տարածաշրջանի խնդիրներն ու հիմնահարցերը չեն անտեսվի: Ու թեև այս անգամ նախագահական ընտրությունները երկու փուլով տեղի ունեցան, ինչը մտահոգիչ ազդակ պետք է լինի վրաց իշխանությունների համար, բայց ջավախահայությունը վստահ է, որ հենց սրանով էլ պայմանավորված իշխանությունները կձգտեն առավելագույնս լուծել նրանց սոցիալական ու տնտեսական խնդիրները:
Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին, ապա ջավախեցի պատգամավորի թեկնածուն վստահ է, որ դրանք կտրուկ փոփոխություններ չեն կրի ու գոնե Հայաստանի հետ հարաբերություններում տհաճ անակնկալներ սպասել պետք չէ.
«Հայ-վրացական հարաբերություններն ավանդաբար բարձր մակարդակի վրա են եղել ու հատկապես վերջին քսան տարիներին խորացել ու զարգացել են տարբեր ուղղություններով ու ոլորտներում: Եվ ես կարծում եմ, որ Վրաստանի նոր նախագահի օրոք այս իրավիճակը չի փոխվի և տիկին Զուրաբիշվիլին Հայաստանի հետ բարիդրացիական կապերը զարգացնելու ակտիվ կողմնակից կլինի»,- ասաց նա:
Սանոսյանը նկատեց, որ արդեն նախկին նախագահ Մարգվելաշվիլիի օրոք էլ Ջավախքում շատ գործեր արվել են՝ ճանապարհաշինության, դպրոցների ու մշակութային կենտրոնների վերանորոգման, սոցիալական ապահովության ծրագրեր են իրականացվել և այլն: Բայց, բնականաբար, անելիք շատ կա.
«Մեր հիմնական մտահոգությունը, որ ես անձամբ բազմիցս բարձրաձայնել եմ, կապված է Հայաստանն ու Նինոծմինդան իրար կապող 25կմ միջպետական ճանապարհահատվածի հետ, որն անմխիթար վիճակում է: Ջավախք կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ուշադրություն դարձրեց այդ խնդրին: Ջավախեցիները ամենօրյա կապի մեջ են հայրենիքի հետ և ենթակառուցվածքները կարևոր նշանակություն ունեն», -ընդգծեց նա:
Սանոսյանը նաև հավելեց, որ որքան էլ Վրաստանում նախագահի պաշտոնը նոմինալ լինի, բայց չկարևորել այդ պաշտոնը սխալ է, իսկ Սալոմե Զուրաբիշվիլիից ակնկալիքները դրական են:
Հիշեցնենք, Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի նախագահ է ընտրվել կին թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Երկրում նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 28-ին և երկրորդ փուլով՝ նոյեմբերի 28-ին: