Թեև Հայաստանի Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին, այդուհանդերձ արգելված չէ ավելի վաղ շրջանում քարոզչություն իրականացնել, հրապարակված միջանկյալ զեկույցում նկատել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական խումբը:
Միջազգային դիտորդների առաջին զեկույցը կազմվել է նոյեմբերի 12-ից 25-ն ընկած ժամանակահատվածը մշտադիտարկելու արդյունքում:
Ընդհանուր առմամբ ներկայացվել են արտահերթ ընտրությունների կազմակերպման իրավական, քաղաքական գործընթացները, նաև որոշ դիտարկումներ են արվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, լրատվամիջոցների աշխատանքի, թեկնածուների հետ հանդիպումներից ստացված տպավորություններից:
Կուսակցությունների ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ ազատ քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունեն, այդուհանդերձ, ոմանք մտահոգություն են հայտնել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, քվեների գնման և ընտրողների վրա ճնշումների գործադրման մասին՝ հատկապես գյուղերում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները մտահոգություններ են լսել նաև օնլայն տիրույթում անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության մասին:
«Լրատվական դաշտը բազմազան է, բայց լրատվամիջոցներից շատերն ասոցիացվում են այս կամ այն քաղաքական ուժի հետ: Հանրային հեռուստաընկերությունը, որ ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել որպես կառավարամետ քաղաքականություն վարող: Հեռարձակվող լրատվամիջոցներից բացի, սոցիալական ցանցերը կարևոր հարթակ են տեղեկատվություն տարածելու համար: Որոշ զրուցակիցներ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներին ասել են՝ բարելավում են նկատել, սակայն ընդգծել են, որ նոր կառավարության, մասնավորապես՝ վարչապետի նկատմամբ քննադատության հանդեպ անհանդուրժողականություն կա», - ասված է զեկույցում։
Նկատենք, որ զեկույցը հիմնականում տեղեկատվական բնույթ է կրում և իրազեկում է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացքի մասին:
Ավելի վաղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից փոխանցել էին, որ 11 երկրից Հայաստան է ժամանել մոտ երեք տասնյակ դիտորդ: Ընտրություններից մի քանի օր առաջ կժամանեն 250 կարճաժամկետ դիտորդներ:
Դիտորդական առաքելության կազմում կընդգրկվեն նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական պառլամենտի պատգամավորներ:
Նշենք, որ Հայաստանի նախկին իշխող ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ:
Քարոզարշավի մեկնարկից առաջ տարածած հայտարարության մեջ մասնավորապես անդրադառնալով Փաշինյանի Գեղարքունիք կատարած այցին՝ Հանրապետականը շեշտել էր․ - «Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է»: