28.11.2024
Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
prev Նախորդ նորություն

Արևմուտքը հետաքրքրված է Ադրբեջան-Թուրքմենստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքով

Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները սերտորեն կհամագործակցեն և կհամակարգեն ջանքերը իրենց երկրների տարածքով Արևելք-Արևմուտք ուղղությամբ տրանսպորտային տարանցիկ միջանցքների ստեղծման գործում: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո ասել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:


Խոսքը մասնավորապես Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա («Լազուրիտ») միջանցքի մասին, որի վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 15-ին Աշխաբադում, ինչպես նաև` Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա միջանցքի մասին: Կասպյան ավազանում կձևավորվի Մերձկասպյան թյուրքական երկրների լոգիստիկ տանդեմ՝ ադրբեջանական Ալյաթ և թուրքմենական Թուրքմենբաշի նավահանգիստների ուղղություններով:


Այդ նոր միջանցքը կշրջանցի Ռուսաստանին և թույլ կտա Մերձկասպյան երկրներին նվազեցնել իրենց տարանցման հետ կապված կախվածությունը Ռուսաստանից՝ դիվերսիֆիկացնել արտահանման ուղղություններն արևմտյան ուղղությամբ: Ադրբեջանն էլ վաղուց հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել իր տարանցիկ հնարավորությունները՝ երկաթգիծ, ավտոմայրուղիներ, գազանավթատարներ կենտրոնական ասիական երկրների համար՝ դառնալով Թուրքմենստանի համար պատուհան դեպի Արևմուտք և Թուրքիա:


Բացի այդ, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կարող են կյանքի կոչել Տրանսկասպյան գազամուղը` Կասպից ծովի հատակով: Այդ նախագծով հետաքրքրված են Արևմուտքն ու Թուրքիան: Անկարան ցանկանում է ձևավորվել թյուրքական էներգետիկ-տրանսպորտային միջանցք` Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ու Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան ուղղություններով ու ուժեղացնել իր դիրքերը Կասպից ծովում ու թյուրքախոս Կենտրոնական Ասիայում:


Արևմուտքն էլ ցանկանում է ունենալ ռուսական գազին այլընտրանք` ի դեմս կասպյան ավազանի գազային ռեսուրսների`ադրբեջանական, ղազախական և թուրքմենական գազի: Այսօր կյանքի է կոչվում TANAP գազամուղը, որը կարող է միանալ Տրանսկասպյան գազամուղին ու թուրքմենական գազն` ադրբեջանական լոգիստիկայով և Թուրքիայի տարածքով կհայտնվի ԵՄ շուկայում: