Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում Հանրապետության նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ "Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Իսկ այդ անհրաժեշտությունը ձևավորվում է նախագահի և վարչապետի միջև քննարկումների միջոցով", -ասված է հաղորդագրությունում:
Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:
Հայկական կողմեը շարունակում է պդել, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձնի Հայաստանի ներկայացուցիչը, որը բխում է ՀԱՊԿ կանոնադրությունից:
Այնուամենայնիվ, եթե դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում չհաջողվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ համաձայնության գալ, մենք կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: Այս մասին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով:
Նա անդրադարձել էր նաեւ բելառուսական կողմի պատասխան հայտարարությանը, որտեղ ՀՀ-ին խորհուրդ էր տրվել “փողոցային ժողովրդավարության կանոններով չմտնել մեծ քաղաքականություն”:
“Ինչ վերաբերում է բելառուսական կողմի հայտարարությանը, ապա դրան եղել է համարժեք արձագանք: Սակայն այս հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից ես որեւէ արձագանք չեմ ստացել: Սակայն իմ ասածներն ուժի մեջ են, եւ ես պատրաստվում են պարզաբանումներ պահանջել Բելառուսի նախագահից”, - ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով Լուկաշենկոյի հայտնի զրույցն Ադրբեջանի դեսպանի հետ, որտեղ նա պատմել էր ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթաժողովի ժամանակ գլխավոր քարտուղարի շուրջ ծավալված քննարկումների մասին: