ԲՀԿ-ն դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 169 թեկնածուով։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Բարգավաճ Հայաստանի» համամասնական և տարածքային ցուցակները։
Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն ունի լուրջ ազդեցություն մարզերում` հատկապես Կոտայքի մարզում ու Աբովյան քաղաքում, որտեղ իր բիզնես գործունեությունն ու բարեգործական ծրագրերն է իրականացնում ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը:
Թավշյա հեղափոխության օրերին Ծառուկյանը կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին` դա նույնպես դրական ազդեցություն է թողել հանրային ընկալման մեջ, որպես նոր Հայաստանի կառուցման գործում լուրջ ներդրում: ԲՀԿ-ն ունի մեծ ճանաչելիություն ի շնորհիվ ցուցակի առաջնորդի, ում հասարակության լայն շերտեր ընկալում են, որպես խոշոր բիզնեսմեն ու ներդրումներ բերող գործիչ:
Չմոռանանք, որ վերջերս ստորագրվել էր Փաշինյան-Ծառուկյան հուշագիրը, ինչն էլ հիմք է հանդիսանալու կարծելու, որ ԲՀԿ-ն լուրջ հավակնություններ ունի գալիք ԱԺ ընտրություններում զբաղեցնելու երկրորդ տեղը: Գալիք ընտրություններում ֆավորիտը Նիկոլ Փաշինյանի ուժն է ու հեղափոխություն իրականացրած թիմը:
Ինչ վերաբերվում է Ծառուկյանի էլեկտորատին, ապա դա ինչպես իր բազմաթիվ բիզնեսների աշխատակիցներն ու նրանց ընտանիքներն են, այնպես էլ Աբովյան քաղաքի բնակիչները: Բացի այդ, ցուցակում առկա գործիչների առաջին տասնյակը ներկայացված են եղել նախկին գումարման ԱԺ-ներում`այսինքն` ունեն հանրային ճանաչելիություն:
Բացի ֆինանսական, վարչական ռեսուրսներից, մարզերում առկա ԲՀԿ մեծաթիվ գրասենյակների ցանցից, երիտթևից ու ուսանողների շրջանում իրականացվող ծրագրերին, ԲՀԿ-ն տիրապետում է նաև տեղեկատվական ռեսուրսների` մեդիադաշտում կայքեր, Կենտրոն հեռուստաընկերություն և այլն:
ԲՀԿ-ն լինելով վառ արտահայտված առաջնորդով կուսակցություն`գալիք ընտրություններում այդ ուժին ձայն տվող քաղաքացիներն առաջին հերթին քվեարկելու են Գագիկ Ծառուկյանի օգտին, ով այդ ցուցակի լոկոմոտիվն է:
Ընտրողները ձայն են տալու նաև Ծառուկյանի անցած ճանապարհին ու այն գործունեությանը, որ նա ծավալել է երկրում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: