Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է: Նա մարզպետարանում հանդիպեց համայնքի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք խնդիր են դրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն լավագույն ընտրությունները՝ երկրի պատմության մեջ: Նա նշեց, որ պետք է բացառել ընտրողների կամքի վրա որեւէ ապօրինի ներգործություն եւ իրավապահ մարմինները հստակ հանձնարարական են ստացել, որ որեւէ ընտրակաշառքի փորձ ստանա կոշտ հակազդեցություն:
«Աստված մի արասցե, որ հանկարծ որեւէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ընդհանրապես Հայաստանում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, երբ սեփականատերերը իրենց պատկանող ընկերություններում աշխատողներին, համայնքի ղեկավարները բնակիչներին հրավիրում եւ փորձում են նրանց ուղղորդել կոնկրետ քվեարկության՝ ինչ-ինչ լծակներով: Նա ասաց, որ այս երեւույթը եւս պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից: Նիկոլ Փաշինյանը բերեց իր օրինակը, երբ երկար տարիներ ղեկավարել է ՀՀ-ի ամենախոշոր թերթը եւ չի եղել մի դեպք, որ երբեւէ որեւէ աշխատողի ասի` թե ում ընտրի:
«Ես կարծում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ»,- ասաց նա եւ նշեց, որ դահլիճները, հեռուստաեթերը բոլորի համար պետք է հասանելի լինի:
Անդրադառնալով տնտեսությանը՝ նա ասաց, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց, այսինքն՝ մենք ոչ արդյունավետ տնտեսությունից անցում ենք կատարում դեպի արդյունավետ տնտեսություն:
«Գյուղատնտեսության ոլորտի անկումը շատ ցավալի է, բայց մենք գիտենք նաեւ դրա պատճառը: Մեր գյուղատնտեսության կառուցվածքը այնպիսինն է, որ մի կարկուտը կամ ենթադրենք միջատները առանց մեզ նախապես տեղյակ պահելու երբ ՀՀ տարածք են մտնում, դա կարող է մեր տնտեսության ցուցանիշների վրա ազդել, սա ընդհանրապես խոսում է մեր տնտեսության անլրջության մասին»,- ասաց նա եւ նշեց, որ գյուղատնտեսությունում լուրջ փոփոխություններ պետք է անենք:
Հակակարկտային համակարգի թնջուկի վերաբերյալ ասաց, որ հակակարկտային կայանները կարող են արդյունավետ աշխատել, եթե պատշաճ ձեւով կառավարվեն, առավելեւս, որ դրանք տեղական արտադրության են, ինչպես նաեւ Հայաստանում սկսվել է հակակարկտային ցանցերի արտադրություն: Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից անդրադառնալով ոռոգման համակարգին, նա ասաց, որ այդ առումով տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում:
«Սա մի թնջուկ է, որ մենք պետք է լուծենք, որովհետեւ մենք խնդիր ենք դրել, որ պետք է հանգիստ թողնենք Սեւանին, քանի որ երկար տարիներ Սեւանի հետ խաղ ենք անում եւ դա կարող է ունենալ աղետալի հետեւանքներ»,- ասաց վարչապետը եւ նշեց, որ Հայաստանում ոչ միայն ստվերային տնտեսություն կա, այլ նաեւ կան ստվերային այգիներ: «Ես չեմ ասում, որ բոլորը միանգամից կլուծվեն, բայց երեւացող եւ նկատելի քայլերով պետք է գնանք առաջ»,- ասաց նա: