24.11.2024
Թուրքիան ցանկանում է համալրել ԵՄ-ի միասնական բանակը
prev Նախորդ նորություն

Իրանի միջուկային թնջուկը շարունակում է սրել Սպիտակ տան և Կոնգրեսի հարաբերությունները

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քննադատել է ամերիկացի հանրապետական սենատորների նամակը, որի հեղինակները սպառնում են վերացնել պաշտոնական Վաշինգտոնի ու Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած համաձայնություն, հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Ամեն անգամ, երբ վեց գերտերությունների ու Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հաջողություն է գրանցվում, Միացյալ Նահանգները դառնում է ավելի կոշտ, կոպիտ ու կտրուկ, ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։ Սենատորներն իրենց նամակում զգուշացրել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների նախագահի հետ ձեռք բերված ցանկացած համաձայնություն կարող է փոփոխվել, երբ Բարաք Օբաման պաշտոնավարումից հետո՝ 2017 թվականին լքի Սպիտակ տունը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 47 հանրապետական սենատորներ Իրանի առաջնորդներին ուղղված բաց նամակում զգուշացնում են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և պաշտոնական Թեհրանի միջև կնքված ցանկացած միջուկային համաձայնագիր կարճ կյանք կարող է ունենալ, եթե հաստատված չլինի ամերիկյան Կոնգրեսի կողմից։

Թոմ Քոթընը և մյուս 46 սենատորները նշել են, որ առանց Կոնգրեսի վավերացման ցանկացած փաստաթուղթ կլինի պարզապես համաձայնագիր Օբամայի և Իրանի կրոնական առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի միջև, իսկ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կարող է այդպիսի համաձայնագիրը ուժը կորցրած ճանաչել գրչի մեկ հարվածով։

Սպիտակ տունն արձագանքել է բաց նամակին՝ նշելով, որ հանրապետական օրենսդիրների ջանքերն ուղղված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում արհեստական խոչընդոտներ ստեղծելուն։ Սպիտակ տան խոսնակը նամակն անվանել է պարտիզանական քաղաքականության շարունակություն, որն ուղղված է նախագահի վարած արտաքին քաղաքականությունը քայքայելուն։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արձագանքել է բաց նամակին՝ հայտարարելով, որ այն չի ազդի բանակցությունների ընթացքի վրա, որովհետև իրավական ուժ չունի և ընդամենը պրոպագանդայի տարբերակ է։