Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցելը նույն է, ինչ սեղմել Ադոլֆ Հիտլերի ձեռքը: <<Ոչ մի տարբերություն չկա այն բանի միջև, ինչ սեղմես Ասադի, Հիտլերի, Սադդամի, Կարաջիչի կամ Միլոշևիչի ձեռքը>>, - նշել է Դավութօղլուն: Այդ մասին հայտնում է Lenta.ru կայքը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին վերջերս կարևորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների անցկացումը՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար: Մինչ այդ, ԱՄՆ-ն պնդում էր, որ հակամարտությունը չի կարող ավարտվել՝ առանց Ասադի հրաժարականի: <<Ասադը լեգիտիմ չի և պետք է հեռանա>>, - բազմաթիվ անգամ հայտարարում էր Քերրին:
Քերրին նշել է, որ ամերիկյան իշխանությունները ի վերջո
ստիպված են բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ երկրում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: <<Դա կարող է պահանջել նրա վրա ներազդելու տարբեր միջոցների ուժեղացում>>, - նշել է Քերրին` CBS հեռուստաընկերության եթերում՝ տարանջատվելով այն քաղաքական ուղենիշից, որը մինչ այդ որդեգրել էր ԱՄՆ-ի վարչակազմը:
Մինչ այդ, Քերրիի նախաձեռնությունը բանակցել Ասադի հետ խստորեն քննադատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա հայտարարել է, որ այսօրվա Սիրիայի բոլոր խնդիրները կապված են Ասադի հետ: <<Ի՞նչ կարելի է քննարկել Ասադի հետ: Դուք պատրաստվում ե՞ք բանակցություններ վարել այն վարչակարգի հետ, որը ոչնչացրել է 200.000 մարդ և օգտագործել է քիմիական զենք>>, - հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
ԱՄՆ-ը 2011թ-ի ապրիլ-մայիսից միակողմանի պատժամիջոցներ է կիրառում սիրիական մի շարք պաշտոնյաների, այդ թվում Բաշար Ասադի նկատմամբ: Պատժամիջոցներ էին կիրառվել նաև պետական կառույցների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան վարչակազմի, խախտում են այդ երկրում մարդու իրավունքները:
2011թ.-ից հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 200.000 մարդ: Սիրիայի կառավարական ուժերին հակազդում են տարբեր խմբավորումներին պատկանող գրոհայիններ, որոնց շարքերում կան նաև օտարերկրյա վարձկաններ: ՄԱԿ-ի տվյալներով, 2011թ.-ից Սիրիայում ընթացող հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 215.000 մարդ, իսկ երկրի բնակչության գրեթե կեսը ստիպված է եղել լքել Սիրիան: Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Verelq.am-ը:
Թուրքագետ Վլադիմիր Ավատկովը expert.ru-ի հետ զրույցում, անդրադառնալով թուրք-ամերիկյան հակասություններին, Սիրիայի և Ասադի հեռացման հարցով նշել է, որ արաբական գարնան հենց սկզբից Թուրքիան բավական զգուշավոր դիրքորոշում էր որդեգրել արաբական հեղափոխությունների հարցում, սակայն ինչ վերաբերվում է Ասադի ապագային, ապա Անկարան կտրուկ հայտարարում էր Բաշար Ասադի վարչակազմի իշխանության գտնվելու անթույլատրելիության և շուտափույթ հեռացման անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում էր զորքեր մտցնել Սիրիա, սակայն ՌԴ-ի դիրքորոշման պատճառով վերջին պահին հետ կանգնեց այդ մտքից և որոշեց կազմաքանդել ռեժիմը ներսից: Փորձագետը նշել է, որ Թուրքիայի տարածքից գրոհայինները ազատ ներթափանցում էին Սիրիայի տարածք:
Ըստ թուրքագետի, ԱՄՆ-ը կարծում է, որ Անկարան տարածաշրջանում իրեն շատ կտրուկ է պահում՝ առանց հետ հայացք գցելու և խորհրդակցելու Վաշինգտոնի հետ: Ավատկովն, անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, այդ թվում Սիրիայի հարցով, նշել է, որ Անկարան նոր օսմանականության քաղաքականության շրջանակներում փորձում է լոբբիստական խմբեր ստեղծել հարևան երկրներում՝ դիվանգիտական, ռազմական և տնտեսական մեթոդներով:
Պատասխանելով այն հարցին, թե ինչը զսպես Թուրքիային, որ թուրքական զորքերը չմասնակցեցին Ասադի ռեժիմի հեռացման գործողությանը թուրքագետը նշել է, որ գլխավոր պատճառը Մոսկվայի դիրքորոշումն էր Ասադի հարցով, ռուս-թուրքական հարաբերությունները այժմ բավականին ակտիվ զարգանում են, իսկ Էրդողանի և Պուտինի միջև ձևավորվել են բավականին ջերմ անձնական հարաբերություններ: