Բելառուսն ու Ադրբեջանը պատրաստվում են նոր պայմանագիր ստորագրել` բելառուսական զինտեխնիկայի առաքման հետ կապված: Այդ մասին Մինսկում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների հիմքում ընկած են տնտեսական, էներգետիկ շահերը` Մինսկն ու Բաքուն վերջին տասնամյակում հարստացրել են երկկողմ առևտրա-տնտեսական կապերը:
Ինչ վերաբերվում է ռազմական համագործակցությանն, ապա Բաքուն ընդլայնում է իր ռազմա-տեխնիկական կապերի աշխարհագրությունը. Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի ռազմա-տեխնիկական կախվածություն ունենալ ՌԴ-ից, Իսրայելից կամ Թուրքիայից:
Վերջերս Մինսկը Բաքվին էր վաճառել Պոլոնեզ համակարգեր, ու ինչպես երևում է ադրբեջանական կողմը ցանկանում է ընդլայնել ռազմական կապերը: Ադրբեջանական կողմը զենք է գնում ՀԱՊԿ-ի անդամ Բելառուսից` սեպ խրելով այդ կերպ ՀՀ-ի ու Բելառուսի միջև:
Հայ-բելառուսական հարաբերությունները վերջերս սրվել են` երկկողմ քննադատական հայտարարություններ են հնչել, ու այդ կերպ Բաքուն ցանկանում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ն չի կարող հենվել Բելառուսի ու հնարավոր է նաև մյուս անդամների վրա`թյուրքախոս Ղազախստանի և այլն:
ՀԱՊԿ-ում Երևանն ունի մեկ վստահելի դաշնակից` ՌԴ-ն: Նշենք, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային կապերը ՀԱՊԿ-ից դուրս զարգանում են նաև երկկողմ մակարդակում: Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները հսկում են ՌԴ-ի սահմանապահ զորքերը:
Ադրբեջանը, ունենալով մեծ ֆինանսական միջոցներ, զենք է գնում աշխարհի ցանկացած երկրից: Բելառուսն այստեղ շարժվում է ելնելով իր տնտեսական շահերից: Եթե բելառուսական կողմը մերժի Բաքվին, Ադրբեջանը կարող է զենքեր գնել Ուկրաինայից կամ մեկ այլ երկրից:
Բելառուսի համար կարևոր է Ադրբեջանի պես վճարունակ, նավթագազային ռեսուրսներով հարուստ գործընկերը Հարավային Կովկասում: Երկու երկրներում ռեժիմները շատ նման են` որոշումները կայացվում են միանձնյա` երկրների ղեկավարների մակարդակով:
ՀՀ-ն չնայած Բելառուսի հետ գտնվում է ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում, սակայն երկկողմ տնտեսական կապերը Մինսկի ու Երևանի միջև թույլ են զարգացած, ու Մինսկի համար առաջնայինն այս պարագայում ադրբեջանական նավթադոլարներն են:
Ինչ վերաբերվում է Երևանի արձագանքին ադրբեջանա-բելառուսական ռազմական նոր պայմանագրին, ապա անկախ բողոքի նոտաներից այդ գործարքը կայանալու է: ՀՀ-ին մնում է հետևություններ անել ու զարգացնել սեփական ռազմական արդյունաբերությունը` գտնել ռազմա-տեխնիկական առումով նոր դաշնակիցներ՝ դրան զուգահեռ խորացնելով կապերը ՌԴ-ի հետ: