ԱՄՆ-ի մասնակցությունը Եմենի հակամարտությանը կարող է հանգեցնել Իրանի դեմ պատերազմի․Time
Բրիտանական Time պարբերականի թղթակից Ուարդահ Խալիդն անդրադարձել է տարիներ շարունակ Եմենում ծավալվող ռազմական գործողություններին, դրանց Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների ներգրավված լինելու հանգամանքին, ինչպես նաև իրավիճակից բխող հետևանքներին և սպառնալիքներին:
«Չորս տարի շարունակ ԱՄՆ-ն աջակցել է Սաուդյան Արաբիային Եմենում ընթացող պատերազմում՝ փոխանակվելով հետախուզական տվյալներով, ցուցաբերելով լոգիստիկ աջակցություն, ինչպես նաև իրականացնելով զենքի՝ միլիարդավոր դոլարների վաճառք»,-գրում է հեղինակը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ից գնված զենքերով Եմենում հազարավոր խաղաղ քաղաքացիներ են սպանվել:
Խալիդի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած «սկզբում Ամերիկան» քաղաքականությունը Եմենում վերածվել է «Սկզբում Սաուդյան Արաբիան» սկզբունքի ու ծառայում է Էր Ռիադի շահերի առաջխաղացմանը:
«Սաուդյան Արաբիայի շահերն առաջ տանելու նպատակով Վաշինգտոնի ներգրավվածությունը Եմենում ընթացող սարսափելի պատերազմին արդեն շատ հեռուն է գնացել»,- շարունակում է հեղինակը՝ չբացառելով զարգացումների այն տարբերակը, համաձայն որի «վտագավոր ուղի բռնած ԱՄՆ-ն ի վերջո կարող է պատերազմի մեջ մտնել Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային թշնամու՝ Իրանի հետ»:
Իշխանության գալուց ի վեր Թրամփն ընդգծված կոշտ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ՝ այն անվանելով «աշխարհում թիվ մեկ ահաբեկչական պետությունը»: ԱՄՆ նախագահը Թեհրանին մեղադրում է Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու համար: Հայտնի է, որ նախագահն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ նպատակ ունենալով հասնել այդ երկրի միջազգային մեկուսացմանը: