Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, որը փոխարինելու է պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության 3 հնարավոր տարբերակ. «Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը: Հարցը քննարկվելու է փակ ռեժիմով»,-ասել է նա:
Նա ընդգծել է, որ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու տարբերակը: Բացի այդ, կան եւս երկու տարբերակներներ: Ըստ այդմ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է:
Նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ազատվեց պաշտոնից: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2017 թ. ապրիլի 14-ին: Գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:
Նոյեմբերի 5-ին ռուսական «Կոմերսանտը», հղում կատարելով «կազմակերպությանը մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրներին», գրել է, որ Հայաստանը պաշտոնը պահպանելու մեծ հնարավորություններ չունի: Ըստ «Կոմերսանտի»՝ այդ կարծիքին են «դիվանագետներ կազմակերպության անդամ երեք երկրներից»: «Կոմերսանտի» տեղեկություններով՝ այդ պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Ստանիսլավ Զասը:
Հակառակ «Կոմերսանտի» աղբյուրների վստահությանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվությունը հուշում է, որ տվյալ հարցում դեռեւս վերջնական որոշում չկա: Արտաքին գերատեսչության պարզաբանումներից բխում է, որ հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում:
Ընդ որում, ուշագրավ լուրեր էին տարածվում, որ Հայաստանը պատրաստվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Սա, ընդհանուր առմամբ, համահունչ է նոյեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը թեկնածուի խնդիր չունի:
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պայքարլու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար: