Հայաստանում 1995 թ-ից գործող իրանական «Մելլաթ» բանկի մասնաճյուղը հայտնվել է Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախում: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի ֆիննախի գանձապետական դեպարտամենտը, որին բավականին զգուշորեն արձագանքել է ՀՀ Կենտրոնական բանկը:
Բանկը, որի կապիտալը 2017 թ. դեկտեմբերի 31 դրությամբ կազմել է 34,246,637 հազ. դրամ, ակտիվները՝ 46,266,115 հազ. դրամ, պարտավորությունները՝ 12,019,478 հազ. դրամ, հանդիսանում է Հայաստանի բանկերի միության անդամ: Այս ֆինանսական կառույցի բաժնետոմսերի 100%-ի միակ բաժնետերն է իրանական «Մելլաթ» բանկը:
ԿԲ հայտարարության մեջ որեւէ խոսք չկա ՀՀ-ում գորրծող «Մելլաթ» բանկի դեմ գործադրված ամերիկյան պատժամիջոցների կամ դրանց հնարավոր հետեւանքների մասին: Արձագանքն ավելի շատ ըհդհանրական է եւ վերաբերում է ողջ բանկային համակարգին: «ՀՀ կենտրոնական բանկը սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու և արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով» ,- այսպես է սկսվում ԿԲ-ի հայտարարությունը։
Նշվում է նաեւ, որ ՀՀ կենտրոնական բանկը եւ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը քաջատեղյակ են սույն թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահի հայտարարության համաձայն օգոստոսի 6-ին և նոյեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին և իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետևանքները։
Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ կոշտ պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին 2015 թ-ին Իրանի ու Մեծ վեցնյակի միջև միջուկային գործարքի կնքումից հետո։ Դրանք վերաբերվելու են էներգետիկայի և բանկային ոլորտներին, որոնք սերտորեն առնչվում են հայ-իրանական համագործակցության օրակարգին։ Արգելափակվելու են Իրանի կառավարության, իրանական էներգետիկ ընկերությունների՝ Iranian Oil Company-ի և Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաև՝ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց և ընկերությունների ակտիվները: Իրանի դեմ պատժամիջոցները կներառեն ավելի քան 600 ընկերությունների և ֆիզիկական անձանց, կտրուկ կսահմանափակվի նավթի արտահանումը:
Դեռևս պարզ չէ, թե ինչպես կանդրադառնան Իրանի դեմ նոր պատժամիջոցները հայ-իրանական հարաբերությունների, հատկապես՝ առևտրա-տնտեսական կապերի վրա։ Հայտնի է, որ 2017 թ-ին Հայաստան-Իրան առևտրի ծավալը կազմել է 263,5 մլն դոլար։
Միեւնույն ժամանակ, փորձագետների գնահատմամբ, Իրանի դեմ նոր պատժամիջոցները կարող են նաև բացասաբար ազդել Իրան-ԵԱՏՄ վերջերս կնքված Ազատ առևտրի գոտու համաձայնագրի վրա։ Այս հարցերը մասնավորապես ՀՀ իշխանությունների հետ քննարկվել են վերջերս Երևան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումների ժամանակ։
Հատկանշական է, որ «Մելլաթ» բանկը, որի մասին ըդգծված կերպով չի հիշատակվում ԿԲ հայտարարության մեջ, ՀՀ ֆինանսական դաշտի լիրաժեք խաղացող է: Վարկեր է տրամադրում, գործարքներ կատարում, ավանդներ ներգրավվում: Մինչ օրս, ինչպես նշում են փորձագետները, այն նաեւ հանդիսացել է իրանական ներդրումների նորգրավման խողովակ: Պարզ է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցների ֆոնին, այս բանկի միջոցով հայ-իրանական համատեղ գործարքների կատարման հնարավորությունները խիստ սահմանափակվում են:
Այժմ, ինչպես նշում է ԿԲ-ն, կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ: «ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները դեռևս մինչև 2016 թվականի հունվարի 16-ին Վեցյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան) կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատվելը ներդրել են, իսկ այդ ծրագրից ընթացիկ տարվա մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո էլ շարունակում են կիրառել կանխարգելիչ միջոցառումների ամբողջական համակարգ», - ասված է հայտարարության մեջ։
ԿԲ-ն ճիշտ է. մի կողմից չի խոսում իրանական բանկի դեմ սահմանված պատժամիջոցների մասին, սակայն ուղղակիորեն վստահեցնում է ԱՄՆ-ին, որ ձեռնարկվում են բոլոր միջոցառումները, իրանական ֆինանսական համակարգի հետ կապված ամերիկյան մտահոգությունների չեզոքացման համար: «Նշված համակարգը ՀՀ ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս զերծ մնալ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային զենքի տարածման ֆինանսավորմանը որևէ կերպ առնչվող գործառնություններից՝ լիովին ապահովելով դրանց մասով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի որոշումներով նախատեսված սահմանափակումների և արգելքների պատշաճ իրագործումը», - նշում են Կենտրոնական բանկում։
ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրության վերջում վստահեցնում է, որ սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու և արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով։