Համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում կշարունակի զարգանալ. դա հայ ժողովրդի կամքն է. Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) 11-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված մի շարք մոդելային օրենքների նախագծեր, հանձնարարականներ եւ այլ իրավական ակտեր, մասնավորապես ազգային անվտանգության ապահովմանը, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ տեղեկատվական պայքարին, հատուկ նշանակության տարածքների պահպանությանը, մի շարք ոլորտներում ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրության կատարելագործմանը եւ ներդաշնակեցմանը վերաբերող նախագծերը: Քննարկվել է նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում անդամ պետությունների համագործակցության մասին մոդելային համաձայնագրի նախագիծը:
Իր խոսքում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ անկախ ներքաղաքական իրադրությունից համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում կշարունակի զարգանալ. դա հայ ժողովրդի կամքն է, Հայաստանի Հանրապետության կայուն դիրքորոշումը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը կաջակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը Հայաստանում անցկացնելու իր հրավերին:
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը: