Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը
Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։
Ինչպես հայտնում է Սիվիլնեթը, Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այս հարցով արդեն դիմել է կառավարությանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ «չի տիրապետում այդ ինֆորմացիային»։ «Գործարք պետք է լինի, մինչև գործարքը չլինի․․․Այս պահին այդպիսի գործարք չկա»,- նշեց Բաղդասարյանը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, մինչդեռ, ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց. «Մեզ գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են նվիրաբերել նշված գույքը ՀՀ-ին՝ առանց որևէ նախապայմանի։ Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»։ Լոռեցյանի խոսքով՝ նշված խոշոր գույքը պետությանը նվիրաբերելու պատճառներն իրենց հայտնի չեն։ Որոշված չէ նաև, թե ինչ նպատակներով է օգտագործվելու այդ տարածքը։
Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին։ Նրան մեղադրանք առաջադրվեց երկու հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության և զինվորների համար նախատեսված պարենամթերքի, պարագաների յուրացման համար։ Գրիգորյանը դատարանի որոշմամբ կալանավորված է, գործի նախաքննությունը շարունակվում է։