«Ծառուկյան» դաշինքի ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը. պատգամավոր
«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները խուսափում են կոնկրետ պատասխաններ տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի մասին: Այս պահին, սակայն, կարծես հստակ է, որ հերթական անգամ ցուցակը կգլխավորի օլիգարխ Գագիկ Ծառուկյանը:
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր հայտարարեց, որ Ծառուկյանի շուրջ համախմբված քաղաքական թիմը հենց վերջինիս է տեսնում ցուցակի առաջնորդողի դերում: Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ նախընտրական ցուցակն այս անգամ լուրջ փոփոխություններ կկրի, Էնֆիաջյանն ասաց, որ բոլոր որոշումները կայացվելու են քաղխորհրդի կողմից:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ հնարավոր է ինքը, Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը ցուցակում չլինեն, Էնֆիաջյանն ասաց.
«Մեզ համար որևէ գործողություն ինքնանպատակ չէ: Մեր քաղաքական թիմն ու քաղաքական խորհուրդը կորոշի և այդ որոշումը մեզ համար ընդունելի կլինի», - ասաց Էնֆիաջյանը:
Պատգամավորը նաև կրկնեց՝ իրենց ամբողջ քաղաքական թիմը համարում է, որ կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի անձամբ Գագիկ Ծառուկյանը:
Եվս մեկ խուսափողական պատասխան հնչեց այն հարցին, թե ո՞ր տեղն է ակնկալում զբաղեցնել «Ծառուկյան» դաշինքը առաջիկա ընտրություններին.
«Փորձելու ենք առավելագույնս ներգրավվածություն ունենալ մեր երկրի քաղաքական կյանքին, քանի որ գտնում ենք, որ մեր քաղաքական թիմն ի զորու է երկրում ծանրացած բազմաթիվ խնդիրներին լուծում տալ»։