ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները կմասնակցեն երևանյան Եվրասիական համաժողովին
Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Ժամանելու են եվրասիական, եվրոպական և ամերիկյան մի շարք երկրների գործարար և կառավարական պատվիրակություններ: Նպատակը մեկն է՝ ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ստեղծել նոր բիզնես կապեր, ամրապնդել նախկինում ձեռք բերված կապերն ու բիզնես նախագծերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովի շրջանակում կկայանա գիտական նստաշրջան՝ համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Նստաշրջանի մոդերատորն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետ, հանքագետ, քիմիկիոս, ֆիզիկոս, նյութագետ Արտյոմ Օգանովն է:
Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը և ԱՄՆ նախագահի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Հայաստան է ժամանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին: