24.11.2024
Մամուլի տեսություն. Սահմանադրության նախագծով խաղաղ պայմաններում ՀՀ-ն չունի Զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատար
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀ բյուջեի եկամուտների ծավալների շուրջ կան բազմաթիվ անորոշություններ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկու օրից` հոկտեմբերի 1-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ օրը գումարվելիք նիստում որոշմամբ հավանություն կտա «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին վաճառելու գործարքին: Իսկ որոշման նախագծի 2-րդ կետում նշված է. «Սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է ՀՀ Կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որեւէ մեկը»: Այսինքն՝ պարզվում է՝ Կառավարությունը, գործարքի հետ կապված ինչ-որ պահանջներ է ներկայացրել ՀԷՑ-ին, սակայն այդ մասին, չգիտես ինչու, չի հայտարարվել ո՛չ Կառավարության համապատասխան նիստում եւ ո՛չ էլ դրանից հետո»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀԷՑ-ի սեփականատերը ո՞վ է, պարոն Աբրահամյան, ինչո՞ւ չեք հրապարակում նրա անունը. ասում են` գաղտնի է արվում գործարքը, ոչ թափանցիկ, հարցրինք վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Սեպտեմբերի 30-ին հայտնի կլինի, կհրապարակվի ՀԷՑ-ը գնած ընկերության անունը, եւ դուք ամեն ինչ կիմանաք»: Պարոն Աբրահամյան, ի՞նչ ընկերություն է, ո՞վ է այն ղեկավարում, ինչո՞ւ օֆշորում, թե՞ ձեզ էլ հայտնի չէ: «Ոնց կասեք»»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է լինելու 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության հավանությանն արժանանալաց հետո այն անմիջապես ուղարկվելու է ՀՀ Ազգային ժողով։ Հաջորդ տարվա բյուջեն առանձնանում է նրանով, որ բյուջեի եկամուտների հավաքագրման ծավալների շուրջ կան բազմաթիվ անորոշություններ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ հաշվարկել։ Դա հիմնականում պայմանավորված է մեր հիմնական տնտեսական գործընկեր երկրում` Ռուսաստանում տիրող իրավիճակով։ Նավթի գների կտրուկ անկումը եւ ռուսական ռուբլու շեշտակի արժեզրկումը հանգեցրեց նրան, որ նվազեցին ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալը, ցնցվեց մեր ֆինանսական շուկան։ Ամենևին բացառված չէ, որ հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսվեն ավելի քիչ եկամուտներ, քան այս տարի։ Այլևս ակնհայտ է, որ այս տարվա համար նախատեսված բյուջետային եկամուտները չեն հավաքագրվելու, եւ հաջորղ տարվա բյուջեի նախագիծը կկազմվի հենց այդ իրողությունից ելնելով։ Առավել սուր է դրված ՀՀ պետական պարտքի հարցը»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին. «Ուզենք, չուզենք, եթե սահմանադրությունը դրված է հանրաքվեի, իսկ փորձը ցույց է տվել, որ եթե իշխանությունն ուզում է հանրաքվեով սահմանադրությունն անցկացնել, ամենայն հավանականությամբ դա կլինի, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դա հաջողվել է: Ոմանք նվնվում են դրանից, բայց ես ասում եմ՝ նախորդ սահմանադրությունով դորդուբեշ էի՞ք անում, նախկին սահմանադրությունով ի՞նչ արդյունքների եք հասել: Մենք ինչ-որ մի սահմանադրությունով ապրում էինք, ու այդ սահմանադրությունը, ճիշտն ասած, այնպես չէ, որ մեր ժողովրդի ցանկությունն էր կատարում, ու միշտ ժողովրդական իշխանություն էր ձեւավորվում: Հիմա սահմանադրությունը փոխվում է, նոր շանս է առաջանում, փորձե՛ք նոր շանսով նույն բանն անել»: