Forbes. ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը հասել է 3 տրիլիոն դոլարի
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցանկը, որը գլխավորել է Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը գնահատվել է 160 մլրդ դոլար: Մինչդեռ նախորդ տարի գործարարն ուներ «ընդամենը» 81.7 մլրդ դոլար:
Հայտնի է, որ նախորդ տարի ցանկը գլխավորում էր Microsoft-ի հիմնադիր և նախկին ղեկավար, բարերար Բիլ Գեյթսը, որի կարողությունն այժմ գնահատվել է 97 մլրդ դոլար: Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ, նրա կարողությունն ավելացել է 8 մլրդ դոլարով:
Ամենահարուստների ցանկի առաջատար եռյակը եզրափակում է Berkshire Hathaway կոնգլոմերատի ղեկավար Ուորեն Բաֆեթը՝ 88.3 մլրդ դոլարով: Ութսունութամյա գործարարի կարողությունը ևս ավելացել է նախորդ տարվա (78 մլրդ դոլար) համեմատ:
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (71 մլրդ դոլար) և Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը (58.4 մլրդ դոլար):
Լավագույն տասնյակում են Լարի Փեյջը (53.8 մլրդ դոլար), Չարլզ և Դևիդ Կոխ եղբայրները (53.5-ական մլրդ դոլար), Սերգեյ Բրինը (52.4 մլրդ դոլար) ու Մայքլ Բլումբերգը (51.8 մլրդ դոլար):
Հայտնի է, որ ցանկում է ներառվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախորդ տարվա համեմատ 11 կետով զիջել է իր դիրքն ու հայտնվել 259-րդ հորիզոնականում: Միացյալ Նահանգների 72-ամյա ղեկավարն ունի 3.1 մլրդ դոլար: