26.11.2024
Թրամփ․ ԱՄՆ-ը որոշում կկայացնի՝ կապված Սիրիային С-300 մատակարարելու իրավիճակի հետ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Էրդողանը դեռ կփոշմանի Գերմանիայի հասցեին վատ արտահայտվելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա այցի ժամանակ պետք է պատրաստվի սառն ընդունելության: Այս մասին CNN-ի կայքում գրում է Chatham House-ի թուրքագետ Ֆադի Հակուրան:

Նրա խոսքով` եղածն անցյալում թողնելու եւ ամեն ինչ նորից սկսելու մասին Էրդողանի հույսերը, ամենայն հավանականությամբ, հօդս կցնդեն: Բազմաթիվ գերմանացիներ, անկախ իրենց անձնական քաղաքական հայացքներից, հակակրում են Թուրքիայի բացարձակապաշտ առաջնորդին. նրանք հազիվ թե մոռացած լինեն, թե ինչպես վերջինը նախորդ տարի Գերմանիայի պաշտոնյաներին համեմատեց նացիստների հետ: Ոչ էլ կմոռացվեն նրա հրահրող ակնարկները` ուղղված Գերմանիայում ապրող 3 միլիոն թուրքերին` նրանց հորդորելով չընտելանալ Գերմանիայի վարքուբարքին:

Փորձագետը նաեւ նշում է որ մի շարք գերմանացիներ Էրդողանին կմեղադրեն ժամանակին միջոցներ չձեռնարկելու եւ 2015թ. Սիրիայի փախստականների մեծ հոսքը չկանգնեցնելու մեջ: Հունական մամուլը հայտնել էր, որ նա սպառնացել է 2015թ. Եվրոպան փախստականներով հեղեղել, եթե իրեն չօգնեն փախստականների ճգնաժամը լուծել:

Հեղինակի կարծիքով, հենց այս պատճառով էլ Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան հակաիսլամական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համար ճանապարհ բացվեց, եւ վերջինը 2017 թվականին հայտնվեց Բունդեսթագում: Գերմանիայի թուրքերը եւս բացարձակ տեսանկյուն չունեն Էրդողանի մասին: Ըստ որոշ լրագրողների` Էրդողանի գալը պետք է որ ուղեկցվի երկրով մեկ մի շարք ցույցերով:

Մինչդեռ թուրքագետը կարծում է, որ Գերմանիայի պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ Էրդողանի հետ միանշանակ կապեր խզելը Գերմանիայի շահերից չի բխում: Բեռլինը գնահատում է Թուրքիայի ջանքերը, որպեսզի դադարեցվեն հետագա պատերազմական գործողությունները Սիրիայի Իդլիբ շրջանում: Գերմանիան նաեւ խոշոր տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ. այն Թուրքիայի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է, որի` Թուրքիայում գործող 7500 ընկերությունները կորեւոր տեղ են զբաղեցնում 2017 թվականին միլիարդավոր դոլարների երկկողմ առեւտրում:

Այսպիսով` Գերմանիան կարծես այլ ելք չունի, քան Թուրքիայի հետ համագործակցելը, որպեսզի պաշտպանի իր առեւտրային շահերն ու զսպի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Այնումենայնիվ, Ֆադի Հակուրայի կարծիքով, Գերմանիան չի ցանկանա օգնության ձեռք մեկնել Թուրքիային` այժմյան տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: Ոչ էլ կհանի իր դրած վետոն` թույլ տալով նորացնել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ 22 տարվա մաքսային միությունը:

Թուրքագետի կարծիքով` գերմանացիները չեն կարող մոռանալ Գերմանիայի հանդեպ Էրդողանի անբարյացակամ վերաբերմունքը, ինչպես նաեւ ձերբակալված գերմանացիների մի մասին ազատ չարձակելը: Էրդողանն էլ իր հերթին է դառնացած 2016 թվականին իր դեմ կատարված հեղաշրջման փորձի հանդեպ Գերմանիայի անտարբեր վերաբերմունքից:

Թուրքագետը գրում է, որ Թուրքիայում ողջունում էին անցյալ տարի Գերմանիայի հասցեին Էրդողանի հրապարակավ հնչեցրած սպառնալիքները: Սակայն նա մի օր կփոշմանի, որ այդպես վատաբանել է մի երկրի, որից այդքան շատ է կախված:

«Նա մի օր կհասկանա ամերիկացի դրամատուրգ Վիլսոն Միզների հետեւյալ խոսքերը. «Բարձունքի ճանապարհին մարդկանց լավ վերաբերվեք: Դուք դեռ նրանց կտեսնեք, երբ վայր իջնեք։ Սակայն արդեն ուշ կլինի», - գրում է թուրքագետը: