Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Էմոմալի Ռահմոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու դրանց նոր թափ հաղորդելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացումը: Գործադիրի ղեկավարի խոսքով` Հայաստանը կարևորում է փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների շրջանակում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը:
Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: