Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հստակեցրեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը` ոչ ոք չի պատրաստվում զիջել Արցախն ու Բաքվից հնչող ռազմական սպառնալիքների տակ գնալ միակողմանի զիջումների:
Բացի այդ, Փաշինյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Դա նշանակում է, որ ՀՀ-ն շարունակելու է իրականացնել Արցախի և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխավորի ֆունկցիան` Արցախի ՊԲ-ի ու արցախահայության հետ միասին տանդեմ կազմած: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ շեշտել է, որ Բաքուն չի պատրաստվում Ղարաբաղին տալ Ադրբեջանի կազմից դուրս որևէ կարգավիճակ, հարցը մտնում է փակուղի:
Բաքվի մաքսիմալիստական դիրքորոշումը բանակցային գործընթացը տանում է խորը փակուղի ու բաց է պահում ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը:
Փաշինյանի մեկ այլ կարևոր մեսիջ վերաբերվում է Մինսկի խմբի ձևաչափի պահպանմանը: Ինչպես հայտնի է, Բաքուն ցանկանում է ղարաբաղյան բանակցությունները տեղափոխել միջազգային այլ հարթակներ: ՀՀ վարչապետը հստակեցրել է Երևանի դիրքորոշումը. Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը:
Մյուս կարևոր շեշտադրումը, որը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է Փաշինյանը, վերաբերում է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը: Նա նշել է, որ հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության եւ ոչ թե պատերազմի մթնոլորտում:
Փոխադարձ զիջումների մասին խոսում էին նաև նախկին իշխանությունները: Փաստորեն, նոր իշխանությունները վերահաստատում են, որ ղարաբաղյան բանակցային սեղանին դրված մադրիդյան սկզբունքների շուրջ են ընթանալու բանակցությունները, քանի որ հենց մադրիդյան սկզբունքներ են ենթադրում փոխադարձ զիջումներ` յոթ շրջանների վերադարձ Լեռնային Ղարաբաղում կարգավիճակի մասին հանրաքվեի կամ կամարտահայտության դիմաց:
Մինսկի խումբը տարիներ շարունակ աշխատել է այդ փաստաթղթի վրա, որի կետերի մեծամասնությունը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից, քանի որ տարածքների վերադարձն Ադրբեջանին կազմաքանդելու է Արցախի ողջ անվտանգության համակարգը, իսկ փախստականների վերադարձը փոխելու է ժողովրդագրական դեմքը: Բացի այդ, չի հստակեցվում հայ փախստականների (բռնագաղթվել են Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ և այլ քաղաքներից) հարցը` ի՞նչ է լինելու Ադրբեջանի մոտ կես միլիոն հայ փախստականների ճակատագիրը:
Մադրիդյան սկզբունքները պետք է շտկվեն, այնտեղ բազմաթիվ կետեր են առկա, որոնք չեն բխում հայկական շահերից: Հայկական դիվանագիտությունը պետք է զբաղվի հենց այս խնդրով: Հստակ է մեկ բան` Բաքուն այսօր չի պատրաստվում կատարել անգամ մադրիդյան սկզբունքները` նրանք պահանջում են ամբողջ Արցախը կամ սպառնում պատերազմով: