Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ից հեռացած «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (Orange) ձեռնարկության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին եւ ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ» (“Orange”) ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ: Նա նաեւ հետաքրքրություն է հայտնել մասնակցելու հոկտեմբեր ամսին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող բիզնես ֆորումին:
Նախագահ Սարգսյանը կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերությունների գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:
Orange Armenia–ն, որը France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն էր, լքեց հայկական շուկան 2015 թ-ին:
Ընկերությունը հայկական շուկա էր մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 95 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։
Աուդիտային հաշվետվության համաձայն, ընկերությունը 2014թ.–ին 4 մլրդ դրամի չափով վնասներ է կրել` 2013թ.–ի 3,85 մլրդ դրամի դիմաց։ 2014թ.–ի տվյալներով` Orange Արմենիայի ներդրումները հանրապետությունում 5–ամյա գործունեության ընթացքում գերազանցել են 100 մլրդ դրամը։
Ucom (Universal Communications) ընկերությունը գնեց Orange Armenia–ն՝ շուկայում զբաղեցնելով նրա տեղը: Այն հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։